Մայիսի 6-ին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե 100 տոկոսով պետք է կառավարությունը փոխվի, դրանից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը հայտարարեց, որ իրենք նոր պահանջ չեն ներկայացրել, դրա մասին վաղուց է ԼՀԿ-ն հայտարարել: Այժմ էլ, երբ ԲՀԿ-ն հայտարարում է, թե պետք է ՀՀ նոր վարչապետ ընտրել, լուսավորականները հայտարարում են, թե նոր վարչապետը լինելու է իրենց թիմից, քանի որ հաջորդ իշխանությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է լինելու:
«Ես որեւէ նոր առաջ քաշած օրակարգ չեմ տեսել, որի մասին «Լուսավոր Հայաստանը» չի խոսել: Հետեւաբար որեւէ կոնսոլիդացիայի մասին եթե խոսում ենք, «Լուսավոր Հայաստանը» պետք է եւ կարող է, այն միակ ուժն է, որի շուրջ պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա առողջ եւ ունակ, կարող ուժերի հետ համատեղ: Ինչպես դա տեղի կունենա եւ երբ, մենք դրա մասին, բնականաբար, հայտարարություն կանենք»,-հայտարարել էր ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի դիրքորոշման հետ կապված:
-Տիկի՛ն Իսայան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ եթե կառավարության նոր ղեկավար ընտրելու հարց առաջանա, ապա այն պետք է լինի բացառապես իրենց կուսակցությունից: ԲՀԿ-ն ինչպե՞ս է վարաբերվում այս հարցին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ԲՀԿ-ն արդեն պահանջ է դրել կառավարության հրաժարականի:
-Մեզ համար այսօրվա դրությամբ թիվ մեկ օրակարգը այս իրավիճակից դուրս բերելն է, մենք այս պահին չենք քննարկում վարչապետի թեկնածության հարց, առավել եւս այս կամ այն անձերի: Մեզ համար հիմա կարեւոր է համախմբել բոլոր կարող եւ առողջ խմբերին, ովքեր կկարողանան ներկայացնել իրատեսական ծրագիր, որով մենք կկարողանանք երկիրն այս իրավիճակից հանել: Օրինակ՝ արագ կերպով ու հստակ քայլերն են անհրաժեշտ միասին գծելու ու հաշվարկելու համար, որպեսզի տնտեսության ողնաշարը փորձենք վերականգնել: Անենք նոր նախագծեր, ծրագրեր, որպեսզի ՀՀ քաղաքացու կյանքը օր առաջ բարելավվի: Մեզ համար առաջնային խնդիրը եւ նպատակը մեր հրատապ նիստի եւ պարոն Ծառուկյանի ելույթի դա է եղել:
-Արդյոք այժմ քննարկվո՞ւմ է առաջիկայում հայրենի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, այսինքն՝ խորհրդարանական ուժերը անվստահություն հայտնե՞ն վարչապետին ու իր գլխավորած կառավարությանը:
-Մեր հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ են արձագանքել, այս փուլում քննարկումներ են տեղի ունենում, ինչ քայլերի հետագայում կարիքը կլինի, երբ որ միասնական օրակարգը ձեւավորվի, այդ մասին մենք կբարձրաձայնենք: Այս պահին չեմ կարող ասել, թե հաջորդ մեր քայլը որը կլինի, կամ, առհասարակ, ինչ քայլեր կլինեն:
-Իսկ այժմ ԲՀԿ-ն քաղաքական ի՞նչ ուժերի հետ է հանդիպումներ ունենում, ի՞նչ պլաններ ունեք այդ առումով:
-Որեւէ բան պլանավորված չէ, արձագանքների հիման վրա, ովքեր որ արձագանքել են, դրանց հիման վրա այս պահին քաղաքական հանդիպումներ ենք ունենում: Իսկ հետագայում, երբ որ այդ հանդիպումների արդյունքում միասնական օրակարգ ձեւավորվի, որ ուժերը որ դրան միացած լինեն, մենք անպայման կտեղեկացնենք:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանը խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը հանդիպումներ է ունենալու այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կշիռ ունեն, ու բոլոր արձագանքողների հետ չէ, որ կհանդիպի: Կա՞ նման բան:
-Որեւէ մեկի հետ հանդիպել-չհանդիպելու առհասարակ խնդիր չունենք, մեր միակ խնդիրն այն է, որ մենք ասել ենք՝ այն քաղաքական ուժերը ու գործիչները, ովքեր ժողովրդի համար անընդունելի են, չեն լինելու այս համախմբման կազմում; Դա մեր թիվ մեկ սկզբունքն է, ոչինչ ավելին: Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն անհատներին, ապա մենք հստակ հայտարարել ենք, որ այն քաղաքական ուժերը, ովքեր արձագանքել են, մենք հանդիպումներ կունենանք: Ինչ օրակարգ կձեւավորվի, մենք առաջիկայում կխոսենք դրա մասին:
ԲՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ ԵՆԹԱԿԱ Է ՏԱՊԱԼՄԱՆ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարեց, թե պահանջում են կառավարության անդամների փոփոխություն, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երեկ էլ ԲՀԿ-ականները հավաքվել են, քննարկել իրենց հետագա անելիքները եւ իշխանափոխության հասնելու հնարավորությունները: Այդ նպատակով ԲՀԿ-ն անգամ հանդիպումների շարք է սկսում, եւ հնարավոր է՝ նրանց միանան նաեւ արտախորհրդարանական ուժեր:
Իհարկե, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին, սակայն այս իրավիճակում ԲՀԿ-ի նախաձեռնած գործընթացը հենց սկզբից կարող է փակուղում հայտնվել: Նախ Սահմանադրության 115-րդ հոդվածն ասում է.
- վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
- Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
Միեւնույն ժամանակ նկատենք, որ նույն հոդվածը ունի մի դրույթ, որն արդեն իսկ անհնար է դարձնում այս գործընթացն անգամ սկսելը: 115-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»:
Ինչպես հայտնի է, մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է, եւ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ հունիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է եւս մեկ ամսով: Այսինքն, գոնե մինչեւ հուլիսի 14-ը այդպիսի նախագիծ ներկայացնել չեն կարող: Իսկ հիմա անդրադառնանք նախագծի ընդունման հնարավորություններին խորհրդարանում: Օրենքում ասվում էր, որ անվստահության նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ 44 հոգի: Ուշագրավ է, որ խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 42 պատգամավոր, այսինքն՝ նրանք երկուսով չեն կարող այդպիսի նախագիծ ներկայացնել: Իսկ որոշումն էլ ընդունվում է ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ պատգամավորների կեսից ավելին պետք է քվեարկի. սա թերեւս նույնպես հենց սկզբից մատնված է ձախողության:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՈՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հեղինակել էր օրենսդրական նախագիծ, որով նախատեսում է փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Այժմ, այդ օրենքի համաձայն, Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական եւ գործավար: Այժմ պատգամավորը ցանկանում է ամրագրել. «Առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր ունի 2 օգնական եւ գործավար, Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական եւ գործավար»: Ընդ որում, այս փոփոխության հետեւանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում է ծախսերի ավելացում՝ առավելագույնը Առաջին ատյանի դատավորների նոր՝ 183 օգնականների հաստիքների ձեւավորման չափով: Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այս փոփոխությունը պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ: Մասնավորապես, 2013 թվականի ընթացքում ստացվել է 4039 քրեական գործ, 2014 թվականի ընթացքում ստացվել է 4021 քրեական գործ, 2015 թվականի ընթացքում ստացվել է 4476 քրեական գործ, 2016 թվականի ընթացքում ստացվել է 4599 քրեական գործ, 2017 թվականի ընթացքում ստացվել է 5027 քրեական գործ, 2018 թվականի ընթացքում ստացվել է 4844 քրեական գործ։ 2013 թվականի ընթացքում ստացվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 20.794 միջնորդություն, 2014 թվականի ընթացքում ստացվել է 21.150, 2015 թվականի ընթացքում ստացվել է 20.551, 2016 թվականի ընթացքում ստացվել է 21.322, 2017 թվականի ընթացքում ստացվել է 23.382, 2018 թվականի ընթացքում ստացվել 26.192: Իսկ, օրինակ, Վարչական դատարանում 2013 թվականի ընթացքում ստացվել է 24.893 վարչական գործ, 2014 թվականի ընթացքում ստացվել է 16.897 վարչական գործ, 2015 թվականի ընթացքում ստացվել է 13.233 վարչական գործ, 2016 թվականի ընթացքում ստացվել է 16.552 վարչական գործ, 2017 թվականի ընթացքում ստացվել է 23.095 վարչական գործ, 2018 թվականի ընթացքում ստացվել է 21.719 վարչական գործ:
ՍԱԿԱԳԻՆԸ ԿԱՍԵՆ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհրապարակի բնակչության սոցիալական տարբեր խմբերի համար գազի նոր սակագները: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա հույս հայտնեց, որ հանրության շրջանում եղած մտահոգությունը շուտով կվերանա: «Մենք հուսով ենք, որ ձեռք կբերվի բոլորի համար ցանկալի արդյունք: Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ արդյունքը բնակչության հիմնական սոցիալական խմբերի համար իրավիճակի վատթարացման չի հանգեցնի»,- ասաց նախարարը: