ՄԱՍՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում փոփոխություններ կատարելուն։ Նախ օրենքի անվանումն է ամբողջությամբ փոխվել  եւ այն ստացել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք անվանումը եւ ներկայացվել փաթեթի տեսքով՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հետ մեկտեղ։

 

Օրենքի նախագիծը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները, միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն՝ խաղի նոր կանոններ սահմանելով հեռարձակողների համար։ Այն շրջանառության մեջ էր դրվել դեռ ապրիլին, սակայն հանձնաժողովում կքննարկվի միայն վաղը։ Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի եւ կարծիքների միջեւ, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ Ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։

Էրոտիկ, սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմեր, անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն թողնող հաղորդումները հնարավոր կլինի հեռարձակել կեսգիշերից մինչեւ առավոտյան 6-ը, հակառակ դեպքում պատասխանատվություն է նախատեսված։ Արգելվում է ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք սերմանելու նպատակով օգտագործելը, պատերազմի քարոզը, իշխանությունը յուրացնելու, Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու եւ տապալելու քարոզչությունը։ Լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների շաբաթական եթերի 20 տոկոսը մանկական, կրթական եւ մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ պետք է լինեն։

Այս նախագծի եւ դրա հետեւանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ: «Կա գլոբալ այլ հարց. հունվար ամսին հեռուստաընկերությունները պետք է մասնակցեն նոր մրցույթին, որովհետեւ ժամկետն արդեն լրանում է, եւ հունիս ամիսն ենք, դեռ հանձնաժողովում նոր քննարկում են, դեռ լայն քննարկում չի ծավալվել: Հանրային քննարկում չի եղել, եւ այս պայմաններում անհայտ է, թե երբ է օրենքը ընդունվելու, երբ են խաղի կանոնները սահմանվելու: Քանի որ խաղի կանոններից է կախված  նաեւ, թե հեռուստաընկերություններից շատերը պատասխանատվությունը կվերցնեն իրենց վրա՝ նոր մրցույթի մասնակցելու, թե ոչ», – նշեց նա:

Նրա խոսքով՝ անցնող երկու տարիների ընթացքում մի քանի փորձեր եղել են հեռուստատեսային դաշտում վերափոխումներ կատարելու: «Խոսքը օրենսդրական վերափոխումների մասին է: Եվ բոլորը  եղել են առանձին փոքր դրվագներով: Եվ դրանց շուրջ էր, որ մեծ բանավեճ էր ծավալվում, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը համակարգային օրենք է: Անհնար է, 1-2 դրվագ փոփոխելով, հասնել արդյունավետ որոշման: Ազգային Ժողովում եղավ այդ հարցով  լսումներ, որովհետեւ  տեսակետները խիստ հակասական էին, եւ լրատվության դաշտից, հասարակական կազմակերպություններից շատերը նաեւ մեծ դժգոհություն էին արտահայտում Ազգային Ժողովի եւ հանձնաժողովի գործելաոճից:  Ի վերջո, սա այն օրենքի նախագծերից մեկն է, որը դժվար է պատկերացնել, որ 3 պատգամավոր սեփական նախաձեռնությամբ հանդես գա, որովհետեւ սա առնչվում է Հայաստանում հեռահաղորդակցության կարեւորագույն մի ոլորտի: Սա առնչվում է Հայաստանում լրատվությանը, հեռուստատեսային, համացանցային լրատվություններին, ռադիոլրատվությանը: Այս առումով սա պետք է շատ ավելի գլոբալ մշակված փաստաթուղթ ներկայացվեր», – նկատեց նա:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր է առաջիկայում այս նոր օրենքի նախագծի պահանջների հիմա վրա լինեն հեռուստաընկերություններ, որոնք կփակվեն, կամ իրենց գործունեությունը կկանգնի վտանգի առաջ: «Շատ դժվար է ասել, որովհետեւ այստեղ բազմաթիվ խութեր կան: Հայաստանում հատկապես նման տնտեսական պայմաններում տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում պետք է  անեն, որպեսզի մասնավոր մուլտիպլեքս փաթեթ ունենան, եւ այդ առումով շատ անորոշ է», – նկատեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

12.8 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

2019թ. գյուղատնտեսության կարիքների համար 12.8 միլիարդ դրամ է հատկացվել ՀՀ պետական բյուջեից: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Այս միջոցները, նրա խոսքով, ուղղվել են 8 բյուջետային ծրագրերի իրականացմանը, որոնց շրջանակներում 51 միջոցառում է նախատեսվել: «Միջոցների իրացման ցուցանիշը մոտ 64 տոկոս է կազմել»,- հավելել է նախարարը: Միեւնույն ժամանակ, 2019-ին ՀՀ բնապահպանության նախարարության կարիքների համար պետական բյուջեից 7.3 միլիարդ դրամ էր հատկացվել: Հատկացված միջոցներից օգտագործվել է 76.1 տոկոսը կամ 5.56 միլիարդ դրամ:

 

 

ՍԵՎԱՆԸ ԿԿԱՆԱՉԻ

Սեւանա լիճն այս տարի նորից կանաչելու է։ Այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մենք որոշ ժամանակ անց արդեն նկատում ենք որոշակի նման տենդենցներ, եւ կունենանք կանաչելու երեւույթը։ Թե դա ինչպիսի ծավալներ կընդգրկի, եւ ինչքան կտեւի, ես կդժվարանամ պատասխանել. դա մասնագետները կգնահատեն»,- ասել է մարզպետը։ Այն դիտարկմանը, թե ապօրինի կամ օրինական մի շարք օբյեկտներ կան, որոնց կոյուղաջրերն են լցվում լիճ, մարզպետը նշել է. «Երբ ես նշանակվեցի մարզպետ, մարզի 26 համայնքում կար ընդամենը կենտրոնացված աղբահանություն, հիմա 41 համայնքում կա կենտրոնացված աղբահանություն։ Այսինքն՝ մենք հստակ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ։ Մի շարք համայնքներից գետերի միջոցով կարող է որոշակի աղբ հասնել Սեւանա լիճ, եւ եթե ընդհանուր նայենք, որ համայնքներ կան, որտեղ մասնակի է իրականացվում, մարզում այս պահին միայն 6 փոքր լեռնային համայնքներ կան, որտեղ չկա աղբահանությունը»։

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

Armlur.am-ի տեղեկություններով՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ու առաջիկայում եւս նման հանդիպումներ լինելու են: Բացի խորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն հանդիպումներ է ունենում նաեւ արտախորհրդարանական կուսակցության ներկայացուցիչների հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանդիպել են տարբեր քաղաքական ուժերի հետ, ու առաջիկայում դրանք շարունակական բնույթ են կրելու: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՅԴ-ն հանդիպում էր ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ: Նշենք, որ ՀՅԴ-ն առաջարկում էր հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել եւ գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաեւ պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Իսկ Վանեցյանի խոսքով՝ ՀՅԴ առաջարկը, որը նաեւ պահանջ է, շատ տեղին է։ «Վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաեւ այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան եւ պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար»,-հայտարարել էր Վանեցյանը:

 

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է եւս 2 քաղաքացի։ «Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից եւ անմիջապես մեկուսացվել էին: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի: Կորոնավիրուսի ախտորոշմամբ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք։

 




Լրահոս