Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում վստահեցրել է, թե առաջիկայում ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանն ունենա տեղական ավիացիա: Ընդ որում, խոսքն իրական հայաստանյան ավիափոխադրողի եւ ոչ թե վիրտուալ, Հայաստանում ձեւական գրանցված ինչ-որ արհեստական միավորի մասին է:
«2019թ.-ը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր: Մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ՀՀ եւ Հայաստանի քաղաքացիների համար մատչելի գներով ավիատոմսեր ապահովել մասնավորապես դեպի եվրոպական երկրներ: Դուք էլ գիտեք, որ այդ խնդիրները մեկ օրում չէ, որ արձանագրվել են, ու ամենեւին էլ 2019թ-ի արգասիքը չեն»,- 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկման ժամանակ նշել էր Պապիկյանը՝ խոսելով ավիացիայի ոլորտի խնդիրների եւ սեւ ցուցակում հայտնվելու մասին:
Նա ընդգծեց, որ ՀՀ ներկա ղեկավարները ստիպված են իրենց ուսերին կրել նաեւ նախկինների ստեղծած խնդիրների պատասխանատվությունը եւ այժմ իրենց առաջ խնդիր են դրել ամուր հիմքերի վրա կառուցել ավիացիայի ոլորտը:
«Առաջին հերթին մենք պետք է ունենանք տեղական փոխադրող: Ես դրա ջատագովն եմ եւ առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք տեղական ավիացիա: Բայց խոսքը վերաբերում է իրական հայաստանյան ավիափոխադրողներին, ոչ թե վիրտուալ, ձեւական, Հայաստանում գրանցված ու ինչ-որ արհեստական միավորների մասին»,- շեշտեց Պապիկյանը՝ վստահեցնելով, որ հետեւողական է լինելու, որպեսզի տեղական ավիաընկերությունը ստեղծվի, եւ առկա խնդիրները հաղթահարվեն:
Այստեղ նկատենք, որ տեղական փոխադրող ունենալու կարեւորության մասին դեռ ամիսներ առաջ նշել էր նաեւ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Ըստ Քաղաքացիական ավաիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի՝ Հայաստանին պետք է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում։ Պատասխանելով հարցին, թե արդյոք մեզ պետք է ազգային ավիափոխադրող, նա պատասխանել էր. «Այդ հարցն իրականում մի քիչ անհասկանալի հարց է, ու ասեմ՝ ինչու. որովհետեւ տարբերություն կա ազգային փոխադրող կամ տեղական փոխադրող, ու ես նկատել եմ, որ մենք շատ հաճախ այդ տարբերությունը չենք դիտարկում։ Այո, իմ կարծիքով, մեզ պետք է տեղական ավիաընկերություն, որը կբազավորվի Հայաստանում, որովհետեւ եթե ընկերությունը բազավորվի Հայաստանում, աշխատատեղեր կստեղծվեն ոչ միայն մեր օդաչուների համար, բայց նաեւ մեր ինժեներների համար էլ, որովհետեւ կարիքը կլինի էդ ինքնաթիռը վերանորոգել եւ այլն», – նշել էր նա։
Հավելենք, որ հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը կտարածվի հայկական ավիաընկերությունների վրա, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ «ԵՄ-ի թռիչքների անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որը ավիաընկերություններին ու ցուցակում ներառված երկրներին կօգնի վերանայել ու բարելավել թռիչքների չափանիշները։ Հանձնաժողովը Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության աջակցությամբ պատրաստ է համագործակցել եւ ներդրումներ կատարել Հայաստանում թռիչքների անվտանգության բարձրացման համար»,- ասել է Տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեանը: Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի եւ հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքների վերլուծությունից հետո։ «Սեւ ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը եւ այլն:
Ն.Պ.
«ԳՈԼԴ» ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿՎԱՅԵԼԵՆ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը կքննարկվի հունիսի 15-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այս նախաձեռնությունն արդեն հասցրել է լայն քննարկման առարկա հանդիսանալ: Պատգամավորն առաջարկում է հնարավորություն տալ, որպեսզի տրանսպորտային միջոցի սեփականատերը կարողանա ինքն ընտել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշներից:
Մասնավորապես, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետը նա առաջարկում է լրացնել հետեւյալ խմբագրությամբ.
«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի կամ թվանշանի կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն»:
Նախագծի հիմնավորման մեջ Ալեն Սիմոնյանը նկատում է, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ եւ հերթականությամբ ձեւավորել հաշվառման համարանիշը, եւ նա անհրաժեշտ է համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարել որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: Ավելին, նա կարծում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետեւաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը եւ հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործել իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով: Ընդ որում, համարանիշների գումարը սահմանելու է կառավարությունը:
Այստեղ նկատենք, որ պետհամարանիշերը տրամադրվում են կառավարության որոշումների հիման վրա: Օրինակ՝ 2007 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին լրացումների եւ փոփոխությունների ենթարկված որոշումը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերը տրամադրվում են 36 000 վճարի դիմաց, իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար վարորդները պետք է վճարեին 60 000-8 000 000 դրամ: Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016թ. նոյեմբերի 14-ից նվազել էին, սակայն հետագայում սակագները բարձրացվել են, եւ նորից շրջանառության մեջ էին դրվել 8 մլն դրամ արժողությամբ համարանիշերը: Դրանք, այսպես կոչված, «գոլդ» համարանիշներն են՝ նույն թվերից կազմված:
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային եւ մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարեւորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը: Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ:
Այսպիսով, նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչեւ 16.03.2020թ.-ը, այսինքն` մինչեւ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ որեւէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:
Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, եւ նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գեւորգ Եփրեմյանը եւ 42-ամյա Վարդան Սեփոյանը։ Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի եւ 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։
Մեղրաձորի ողբերգական դեպքից հետո թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված 5 տղամարդիկ չեն հոսպիտալացվել, բուժօգնություն ստանալուց հետո իրենց համաձայնությամբ տուն են գնացել։