«ԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է». ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ՝ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը եւ Սարգիս Եղիազարյանը շուտով հանդես կգան նոր դուետով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհին հայտնել  է, որ «Իմ սեր» երգի տեսահոլովակն ունի հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ սիրո հուզիչ նախապատմություն:

 

-Քրիստինե՛, շուտով Սարգիս Եղիազարյանի հետ համատեղ Ձեր երկրպագուներին կներկայացնեք նոր զուգերգ, նոր տեսահոլովակ, երգը կոչվում է «Իմ սեր»: Կներկայացնե՞ք երգի պատմությունը:

-Երգը ստեղծվել է իրական սիրո պատմության հիման վրա, ու այն հատուկ գրվել է շատ լավ ու համերաշխ երիտասարդ ընտանիքի համար, ասեմ նաեւ, որ նրանք իմ շատ լավ ընկերներն են` Արսենն ու Ալիսան, այդպես որոշեցին միմյանց երգի տեսքով անակնկալ մատուցել: Երգի մեջ ամեն խոսքը, ամեն բառը սիրո պատմության մասին է, ու այն մենք սիրով  ստեղծեցինք սպասելիքով, մեծ ակնկալիքի այն հույսով, որ մարդիկ շատ կհավանեն այն, ինչը որ մենք փորձել ենք ներկայացնել երգի մեջ:

-Ինչպե՞ս ստացվեց Սարգիս Եղիազարյանի հետ համատեղ դուետով հանդես գալու գաղափահը:

-Սարգիս Եղիազարյանի հետ դուետի առաջարկը եղել է հենց Սարգիսի կողմից: Ես ընդունեցի առաջարկը, քանի որ նա, լինելով երիտասարդ ու շատ շնորհալի կատարող, կարծում եմ, որ ունի բավականին լավ ճաշակ ու հետաքրքիր երգացանկ, այդ իսկ պատճառով որոշեցի չմերժել նրա առաջարկը, եւ մեծ ուրախությամբ համաձայնեցի երգել: Եվ այդ ընթացքում էր, որ մտածում էինք, թե ինչ երգ պետք է ստեղծենք ընկերներիս համար, եւ այդ ժամանակ զուգադիպությամբ այդ երգը գրվեց, ու որոշեցինք, որ սա էլ կլինի մեր դուետը: Եվ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էինք, եւ նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի լավ:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե այն իրական սիրո պատմություն է. ինչպե՞ս է սկիզբ առել երգը:

-Այո՛, այս ընտանիքը, որի համար ստեղծվել է երգը, արդեն 13 տարի է՝ համատեղ ապրում են, ու այդ սերը, զգացմունքը, մշտապես միմյանց անակնկալներ անելու ցանկությունը հանգեցրեց այս երգի ստեղծմանը: Կարծում եմ` այս սերը, ոգեւորությունը վարակիչ կլինի շատ զույգերի համար:

-Ովքե՞ր են երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակները:

-Երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը համատեղ ստեղծվեցին Անահիտ Մխիթարյանի եւ Ռազմիկ Ամյանի հետ միասին: Անահիտ Մխիթարյանը երգի տների հեղինակն է, իսկ Ռազմիկ Ամյանը՝ կրկներգի, դրա համար ստացվեց շատ մեծ ու գեղեցիկ թիմային աշխատանք, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ բոլորն իրենց լուման ունեցան այս բարի գործի համար:

-Տեսահոլովակից պարզ է դառնում, որ այն ունի բովանդակալից թեմատիկա: Ո՞ւմ միտքն է եղել դա:

-Տեսահոլովակի սյուժեն բարդ չէ, պարզ սյուժետային գիծ ունի, բնականաբար միտքը ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանինն է, ով ամբողջությամբ գծել է մեր տեսարանների հետ կապված ամեն ինչը, հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անում է Սյոմա Կոդաբաշյանը:

-Ինչպես միշտ, տեսահոլովակում Դուք առանձնահատուկ կանացի եւ նուրբ կերպարով եք հանդես գալիս: Ո՞վ է զբաղվում այդ ամենով:

-Տեսահոլովակում իմ կերպարը կերտել է ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը, ով նաեւ զբաղվել է Սարգիսի արտաքին իմիջով, հագուստներով: Ինչպես միշտ, այս անգամ եւս աշխատել ենք Արամ Նիկոլյանի հետ:

-Արդյոք Դուք ինքնե՞րդ եք մոդելավորում Ձեր զգեստները:

-Ես իմ զգեստները չեմ մոդելավորում, այլ աշխատում եմ մոդելավորողների հետ, եւ նախընտրում եմ հայ դիզայներների հետ աշխատել: Հիմնականում աշխատում եմ Նիկոլյանի հետ: Այն դիզայներների հետ, որ աշխատում եմ, հաշվի են առնում իմ ցանկությունները, եւ կիսվում եմ իմ գաղափարներով, պատկերացումներով, բայցեւ կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, եւ շատ դեպքերում չխառնվի ու չխանգարի: Այն դիզայների հետ, որ ես պատրաստվում եմ աշխատել, փորձում եմ չծանրաբեռնել, ավելորդ խորհուրդներ չտալ, չխանգարել, եւ դրա արդյունքում ստեղծվում են կերպարներ, որոնք ինձ համար հարմարավետ են, իմ տեսակի եւ բնության մեջ են: Եվ այս դեպքում շատ շնորհակալ եմ Նիկոլյանից:

-Եվ քանի որ արդեն ամառ է, բայց եւ այնպես այս ամառը տարբերվում է մյուս բոլոր տաքուկ եւ ջերմ ամառներից: Ինչպիսի՞ ոճ եք նախընտրում կրել առօրյայում:

-Ե՛վ ամռանը, ե՛ւ, առհասարակ, տարվա ընթացքում նախընտրում եմ հանգիստ ոճի հագուստ: Կարծում եմ՝ հիմա այդ ոճն ավելի թրենդային  է դարձել, ու մարդկանց  մեծամասնությունը նախընտրում է լինել ավելի առօրեական, ավելի հարմարավետ հագուստով: Ես էլ բացառություն չեմ, նկարահանումների եւ բեմում մենք շատ ենք լինում երեկոյան ծանր հագուստներով, որոնց մեջ երբեմն դժվար է լինում շարժվել, ու հենց դա է պատճառը, որ առօրյայում նախընտրում եմ լինել աչքի չնկող հարմարավետ, պարզ եւ հասարակ հագուստով:

-Աքսեսուարների մասով ի՞նչ կասեք:

-Երեւի շատերը նկատած կլնեն, որ աքսեսուարներ կրում եմ միայն տեսահոլովակների եւ նկարահանումների ժամանակ, իսկ առօրյայում շատ հազվադեպ է պատահում, երբ կարող եմ կրել ինչ-որ մի զարդ, քանի որ դրանք ինձ ավելորդ ծանրություն են տալիս, եւ ես լարվում եմ դրանց առկայությունից: Առանց դրանց իմ կյանքն ավելի հարմարավետ է:

 Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՈԼՈՐԻՏԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾԸ. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Ամիրյանն ահազանգում է այն մասին, որ Ֆիրդուս փողոցում գտնվող Երեւանի կոլորիտային եւ պատմամշակութայի արժեք ունեցող սեւ տուֆից շենքում քանդման աշխատանքներ են իրականացվում: Ըստ Տիգրան Ամիրյանի` մի խումբ մարդիկ փորձել են կոտրել աղյուսաշեն կարմիր տան տանիքը, ինչպես նաեւ փայտե հիմնասյուն հանդիսացող կարկասը:

 

«Երբ մոտեցանք, որ նկարահանենք շինությունը ներսից, աշխատողների այդ խումբն ամեն կերպ փորձեց խանագարել` վանակարկելով. «Խախուտ է, կքանդվի ձեր վրա»: Սկզբից նրանք ներկայացան՝ որպես հարեւաններ, ովքեր, մտահոգվելով շենքի մասին, փորձում էին մաքրել տարածքը աղբից, մի քանի րոպե զրույցից հետո այդ խմբի առաջնորդը պատմեց, որ լինելով կառուցապատողի աշխատաողներ՝ գործուղվել են տարածք՝ շենքից մնացած ճակատը քանդելու: Երբ հարցրեցինք, թե ինչ իրավունքով են քանդում,  եւ ինչու չկա թույլտվությունը Երեւանի քաղաքապետարանի կայքում, երիտասարդը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե դեռ չեն թվայնացրել, ամեն դեպքում մեր հանձնարարությունը համաձայնեցված է քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության հետ»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք շինթույլտվություն  տրվել է, որպեսզի Երեւանի կոլորիտային հազվադեպ պահպանված շենքերից մեկը եւս ոչնչացվի, թե ոչ:

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանել է. «Այդ հատվածում քաղաքապետարանը որեւէ շինթույլտվություն չի տվել»:

Եվ այսպես, մի գիշերում կարող են անհետանալ հին Երեւանի կոլորիտ հանդիսացող շինությունները, որը պետք է Մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը պահեին ամուր ձեռքերում:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն պատմել է՝ ինչպես է անցնում Պարագվայի հյուրանոցներից մեկում իր տնային կալանքը: «Այստեղ մեզ հետ շատ լավ են վերաբերվում: Մենք ունենք առանձին սենյակ, որտեղ կան անհրաժեշտ մարզասարքերը սպորտով զբաղվելու համար: Մարդիկ փակված են տներում եւ չեն կարողանում անել այն, ինչ նրանք սովոր էին անել իրենց առօրյայում: Կարծում եմ, որ այս իրավիճակը միշտ կմնա մարդկանց հուշերում»,- Ռոնալդինյոյի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:




Լրահոս