ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Աբովյան փողոցի բակերում գրեթե ամեն օր կարող ենք ականատես լինել այսօրինակ փնթի ու հակասանիտարական պայմանների։ Ո՚չ պատկան կառույցներն են իրենց աշխատանքին սրտացավ վերաբերմունք դրսեւորում, ո՚չ բնակիչներն իրենց բակին։

 

 

ՀԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ավելացված արժեքի հարկ վճարողի կողմից ֆիզիկական անձին ե՞րբ է հարկային հաշիվ դուրս գրվում:

Անահիտ Պողոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում:

 

 

 

ՏՈՆԵՐ

ՀԱՐՑ. Վարդավառի տոնը շարժական տոն է համարվում. հետաքրքիր է իմանալ, թե այս տարի որ օրն է նշվելու Վարդավառի տոնը: 

 Լաուրա Մխիթարյան (33 տարեկան, պատմաբան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տարի այն նշվելու է հուլիսի 20-ին: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը եւ չի դրժում Աստծո ուխտը: Նա է Տերը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային՝ ողջերի: Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ, եւ կատարվում է հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո Որդին է, Աստծո պատգամն է առաքյալներին եւ ողջ աշխարհին:




Լրահոս