ՊԱՅՔԱՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վենացյանի հետ:

 

-Պարո՛ն Վանեցյան, Դուք մշտապես եղել եք ուժային կառույցներում եւ անակնկալ կերպով հայտարարեցիք, որ այլեւս զբաղվում եք քաղաքականությամբ: Ձեզ ի՞նչը  ստիպվեց գալ քաղաքականություն:

-Առաջին հերթին ինձ քաղաքականությամբ զբաղվել ստիպեց պատասխանատվությունը մեր երկրի  եւ մեր ժողովրդի առջեւ, որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր երկրում վերջին 1 տարվա եւ մի քիչ ավել ժամանակահատվածում, ուղղակի անթույլատրելի է:

-Դուք հիմնել եք կուսակցություն, իսկ Հայաստանում 100-ից ավելի կուսակություններ կան: Ինչի՞ բացն է լրացնելու «Հայրենիք» կուսակցությունը:

-Դրա մասին կարելի է շատ երկար խոսել. մեր հիմնական նպատակն այն է, որ մեր հայրենիքը լինի պաշտպանված, անվտանգ, իսկ մեր քաղաքացին ապրի լավ եւ արժանապատիվ: Մեր բոլոր ջանքերն ուղղված են դեպի դրան:

-Կուսակցության ստեղծումից հետո իշխանությունը հայտարարեց, որ Դուք կուսակցությունում չունեք այնպիսի անձինք, որոնք հայտնի են հանրությանը՝ չհաշված մի քանի հոգու: Ովքե՞ր են Ձեր շուրջ հավաքել:

-Իմ շուրջ հավաքվել են շատ-շատ մարդիկ, թե՛ հանրային դեմքեր, թե՛ հանրությանն անհայտ դեմքեր են, եւ հենց մեր ուժը դրա մեջ է: Մեր կուսակցության շուրջ համախմբվում են տարբեր մարդիկ՝ սկսած սովորական քաղաքացուց, որը չունի որեւէ հանրային ճանաչում, մինչեւ մադրիկ, որոնք ունենք քաղաքական մեծ փորձ: Մեր կառավարման ոլորտի ուժը հենց դրա մեջ է, որ մեր շուրջ համախմբվում են տարբեր մարդիկ:

-Հրազդան քաղաքում գրասենյակ բացեցիք, ովքե՞ր են Հրազդանում Ձեր կողքին: Կա՞ն այնպիսի մարդիկ, որոնք քաղաքական դաշտում հայտնի են եւ Ձեզ աջակցում են:

-Ոչ: Հանրությանը հայտնի անձինք չկան, բոլորը նոր դեմքեր են: Իմ այցի հետ կապված մոր 30 հոգի անդամագրվել էին «Հայրենիք» կուսակցությանը, բայց այն հոսքը, որը կա դեպի մեր կուսակցություն, իրականում մեզ համար էլ էր անակնկալ: Սպասվածից մի քանի անգամ ավել էր:

-Պարո՛ն Վանեցյան, ի՞նչ ճանապարհային քարտեզ ունեք: Հիմա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  հայտարարում է, որ պետք է 100 տոկոսով փոխվի իշխանությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պնդում է, որ դա մշտապես եղել է իր օրակարգում: Դուք ինչպե՞ս եք գծել Ձեր ճանապարհային քարտեզը:

-Ճանապարհային քարտեզ, իհարկե, ես ունեմ, բայց ես ճիշտ չեմ համարում այս պահին դա հրապարակել: Այո, օրակարգում կա մի հարց, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետեւ այս կառավարությունը ձախողել է. դա փաստ է եւ անհերքելի փաստ է: Իսկ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում մենք կհասնենք ինչ-որ ընդհանուր գաղափարի, ճանապարհային քարտեզի, որից հետո, եթե կլինի  այդ քաղաքական պայմանավորվածությունը, դրա մասսն կխոսենք հրապարակային:

-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ասում է, որ ունի վարչապետի թեկնածու: Պարոն Ծառուկյանը դեռեւս չի ասում, որ ունի թեկնածու: Եթե հարց առաջանա Ձեր եւ Պարոն Ծառուկյանի միջեւ, ըստ Ձեզ՝ ո՞վ է լինելու վարչապետ՝ Դո՞ւք, թե՞ պարոն Ծառուկյանը:

-Դա կեղծ  օրակարգ է: Վարչապետի պաշտոնի համար չէ այս պայքարը: Վարչապետի պաշտոնը ով կստանձնի, դա այս պահին էական նշանակություն չունի: Ամեն դեպքում, ես հայտարարել եմ, որ առաջիկա կառավարությունը պետք է լինի ազգային համաձայնության կառավորություն: Ինչ է դա նշանակում, այսինքն՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ բոլոր այն անհատները, որոնք կարող են իրենց գիտելիքներով երկրին  ծառայություններ մատուցել, պետք է ընդգրկված լինեն այդ կառավարության կազմում: Այդ կառավարությունը պետք է լինի անցումային, այդ կառավարությունը պետք է պատրաստի մեր երկիրը  արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հստակ մատնանշի, թե իշխանությունը ստանձնելուց հետո ինչ ժամանակահատված պետք է անցնի,  եւ ինչ գործողություններ պետք է լինեն՝ օրենսդրական փոփոխություններ  եւ այլն:

-Ձեզ ներկայիս իշխանությունը կապում է նախկին իշխանության հետ. նշում են, որ Դուք որեւէ կերպ չեք քննադատում Միքայել Մինասյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարանին գրեթե համարում եք քաղբանտարկյալ, իսկ «Դաշնակցության» հետ համագործակցում եք: Արդյոք Դուք նախկին իշխանությունների հետ այժմ կապ ունե՞ք:

-Ես առիթ ունեցել եմ ասելու եւ նորից կկրկնեմ. կա սուտ, մեծ սուտ եւ կա փաշինյանական սուտ: Բոլոր պնդումները տեղափովում են փաշինյանական ստի մեջ: Կա մեկ փաստ, որով կարող են ինձ մեղադրել նախկին իշխանությունների հետ կապի մեջ:

-Միքայել Մինասյանը ներկայացրել է, իբրեւ թե Դուք եղել եք սուրհանդակ:

-Միքայել Մինասյանի այդ փաստի ներկայացումից հետո 7-8  իշխանությունների տառապանքները, ի վերջո, հասան իրենց նպատակակետին՝ իմ դեմ հարուցվեց քրեական գործ: Եթե դա համարում ենք, որ Միքայել Մինասյանը ինձ ինչ-որ լավություն է արել, կամ դրանով ես դարձել եմ նրա հետ փոխկապակցված անձ, դա ուղղակի  ծիծաղելի է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ՝ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է իրականացրել «Պետական գույքի եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձանց գործողությունների մասով:

Այսպիսով, մեզ հասած լուրերի համաձայն՝ «Պետական գույքի եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի եւ գույքի գնահատման բաժնի գլխավոր փորձագետի պաշտոնները, գույքի գնահատման գործընթացի շրջանակներում օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներով, նախնական համաձայնության գալով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ, «Նաիրիտ-2» ՓԲԸ ծառայողների հետ, նշված ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Երեւան քաղաքի Արտաշատի խճուղու 5/1 հասցեում տեղակայված շենք-շինությունները եւ դրանց զբաղեցված սպասարկման ու օգտագործման 10.5813 քմ մակերեսով հողատարածքը «Ա.Ս-Ինվեստմեթ» ՍՊԸ-ին շուկայականից անհամեմատ ցածր գնով իրացնելու շահադիտական դրդումներով ստեղծել են իրացվող գույքի շուկայական արժեքի եւ օտարվող գույքի ամբողջական ցանցի վերաբերյալ կեղծ հիմքեր:

Իսկ ի՞նչ են կոնկրետ արել: Մասնավորապես՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նշված հասցեում գտնվող հողատարածքում 23.572 քմ. չափերով գլխավոր լաբարատոր շենքի քառակուսի մետրը 28.000 դրամի փոխարեն գնահատել են 9.888 դրամով, իսկ նույն հողատարածքում գտնվող գազաապաստարանն ընդհանրապես հաշվետվությունում չեն արձանագրել, դրա շուկայական արժեքը չեն որոշել, նման պայմաններում կազմվել են գույքի շուկայական արժեքի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշվետվություններ, որոնցում կեղծ տեղեկատվություններ են ներառվել ինչպես օտարվող գույքի իրական արժեքի, այնպես էլ հողամասի վրա ամրակայված անշարժ գույքի քանակի վերաբերյալ:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. իրական փաստերի մասին լռելով՝ բովանդակությանը դրել են շրջանառության մեջ եւ ներկայացրել ՀՀ կառավարության հաստաատմանը, որից հետո 2018թ. մարտի 1-ին թիվ 200-Ա որոշմամբ թույլտվություն է տվել՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արտաշատի խճուղու 5/1 հասցեում գտնվող շինությունները եւ դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից գնահատված շուկայական լիկվիդացիոն արժեքին հավասար գնով ուղղակի վաճառքի ձեւով «Ա.Ս-Ինվեսթմեթ» ՍՊԸ-ին օտարելու վերաբերյալ, որի արդյունքում հիշատակված գույքի օտարման հետեւանքով խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 426.933.000 դրամ արժողությունները, ինչպես նաեւ պետական կազմակերպության հաշվեկշռում գտնվող գազաապաստարանի նկատմամբ հիշատակված կազմակերպությունը ձեռք է բերել սեփականության իրավունք: Այս դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ խարդախության հատկանիշներով:

Ք.Մ.

 

 

 

ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆ

«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականալու առնվազն այս պահին, եւ կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ եւ բավարար գործիքակազմ,  որ դա տեղի ունենա»,- Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով այս մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միաժամանակ նշեց. «Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա»: Իսկ, ահա, սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, ըստ փոխվարչապետի, դեռ շարունակվում են: «Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ, ցավոք սրտի, մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք, եւ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց Գրիգորյանը: Լրագրողների հիշեցմանը, որ ՌԴ-ն մերժեց դա ներառել ԵԱՏՄ առաջիկա տարիների ռազմավարական ծրագրում, փոխվարչապետը պատասխանեց. «Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ մեխանիզմին: Մեզ համար ավելի կարեւոր է, որ գազի գնի ձեւավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված եւ երկարատեւ: Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ կարելի է այդ հարցը ֆորմալիզացնել, դա ԵԱՏՄ հարթակն է»:

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում ծառայություն չանցնելու հարցերին:  «Այո՛, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որեւէ դերակատարություն չի ունեցել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հորդորելով իր նշանակման հետ կապված հարցերն ուղղել վարչապետին: «Միայն կարող եմ ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իմ աշխատանքի ընթացքին հետեւելը»,- ասաց նա: Անդրադառնալով իր` բանակում չծառայելու մասին հրապարակումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Ես բանակում չեմ ծառայել, ու, առհասարակ, չծառայելու մասին լուրերը մամուլում խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»:




Լրահոս