Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն հրապարակել է պաշտոնյաների գույքի, ունեցվածքի եւ շահերի հայտարարագրերը: Հայտարարագրերի ներկայացման ժամկետն ավարտվել էր մայիսի 31-ին, եւ կան պաշտոնյաներ, որոնք դեռ չեն ներկայացրել իրենց հայտարարագրերը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մի քանի պաշտոնյաների հայտարարագրերը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019 թվականի դրությամբ ունի 2 անհատական բնակելի տուն եւ երկու հողամաս: ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ 2017 թվականին դատախազը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ բաժնային սեփականությամբ: Սա հենց այն առանձնատունն է, որի հարցը խորհրդարանում բարձրաձայնել էր նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ հետաքրքրվել, թե որտեղից պետական պաշտոնյային այդպիսի շքեղ առանձնատուն: Իսկ ArmLur.am-ն դատախազից հետաքրքրել էր, թե արդյոք ապօրինի գույքի վերադարձման եւ ստուգման գործընթացը չպետք է սկսի հենց իրենից:
Ինչեւէ, բացի այս առանձնատնից Դավթյանն ունի համատեղ սեփականությամբ երկու հողամաս՝ ձեռք բերված դեռ 1191 թվականին՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, եւ անհատական բնակելի տուն՝ կրկին նույն վայրում եւ ձեռք բերված արդեն 2003 թվականին: Տրանսպորտային միջոցների մասին որեւէ տեղեկություն առկա չէ. այսինքն՝ հայտարարագրի համաձայն՝ Արթուր Դավթյանը չունի սեփական ավտոմեքենա եւ ոչ էլ ձեռք է բերել նախորդ տարի:
Հայտարարագրի համաձայն՝ Արթուր Դավթյանը 2019 թվականի սկզբում ունեցել է 6 մլն 629 հազար դրամ գումար, որն արդեն տարեվերջին դարձել է 5 մլն 812 հազար դրամ: Խոսքը բանկային հաշիվների մասին է, իսկ, ահա, կանխիկ գումարը տարվա սկզբին եղել է 1 մլն 370 հազար դրամ, իսկ տարվա վերջում 5 մլն 800 հազար դրամ: Իսկ, ահա, եկամտի պարագայում պատկերն այսպիսին է. 16 մլն դրամ նա վաստակել է որպես գլխավոր դատախազ աշխատելու ժամանակ, 43 հազար Երեւանի պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն, եւ 2 մլն դրամից ավելի գումար էլ՝ Պետական եկամուտների կոմիտեից:
Նրա կինը՝ Անի Դավթյանը, ունի համատեղ սեփականության հինգ հողամաս կրկին Հոռոմում: Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 96 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ: Երեւանի պետական համալսարանից, որպես աշխատանքի վարձատրություն, նա ստացել է 754 հազար դրամ:
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 2019 թվականի ընթացքում ոչ մի շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել: Դրա փոխարեն 2013 թվականին ոստիկանապետը որպես նվիրատվություն տուն էր ստացել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում: Նա հանդիսանում է այդ առանձնատան միանձնյա սեփականատերը: Բացի այդ, 2005 թվականին նա Իջեւան քաղաքում ձեռք էր բերել արտադրական նշանակության շինություն: ՀՀ ոստիկանապետը չունի շարժական գույք, ավանդներ, արժեթղթեր, սակայն հետաքրքիր են նրա դրամական միջոցների մասին տվյալները: Ըստ այդմ, նա բանկային հաշիվներում որեւէ գումար չի ունեցել, իսկ, ահա, որպես կանխիկ գումար տարեվերջին ունեցել է 11 մլն դրամ եւ 8500 դոլար: Ոստիկանության զորքերից էլ որպես եկամուտ նա ստացել է 7 մլն 538 հազար դրամ:
ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ազատման դիմումի պատճառը միայն արտակարգ դրության ժամանակ որդու հարսանեկան արարողությունը չէր: Մենք գրել էինք, որ, տեղեկությունների համաձայն, Բագրեւանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը, եւ որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ, ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել: Եվ, ահա, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է պաշտոնյաների հայտարարագրերը, եւ իսկապես 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում Դավթյանը որեւէ անշարժ գույքի մասին տեղեկություն չի հրապարակել: Ընդ որում, հայտարարագրի համաձայն՝ Դավթյանը ո՛չ տարվա սկզբում, ո՛չ վերջում անշարժ գույք չի ունեցել, ոչ էլ ձեռք է բերել: Այսինքն՝ ստացվում է՝ նա տուն չունի, այնինչ Բագրեւանդի առանձնատունը հենց իրենն է: Հայտարարագրի համաձայն՝ Դավթյանը չունի նաեւ տրանսպորտային միջոց: Իսկ, ահա, դրամական միջոցները հետեւյալն են՝ 7 մլն 840 հազար դրամ, 4950 դոլար եւ 1450 եվրո:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԿՏԻՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի եւ Իրանի միջեւ ակտիվ երկխոսություն է հաստատվել: Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա՝ հստակ ծրագրեր կան երկկողմ հարաբերությունների զարգացման համար, շարունակվում է մշտական երկխոսությունը վարչապետի եւ նախագահի միջեւ: «Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա Հայաստանն իր շահերն ունի, որոնք հետապնդում է, եւ Հայաստանը երբեք չի վարել եւ չի պատրաստվում գործընկերների հաշվին իր շահերին հասնելու քաղաքականություն վարել»,- ասել է նախարարը: Նա նաեւ անդրադարձել է ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Ըստ նախարարի՝ իրենք շատ պարզ եւ թափանցիկ ներկայացնում են ընթացքը։ Համավարկի շրջանում բանակցությունները չեն դադարել, եւ ինչպես ասաց Մնացականյանը, այս շրջանում մեկ վիդեոկոնֆերանս է եղել երկու նախարարների եւ համանախագահների մասնակցությամբ։ «Դրանից բացի մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Արդեն առարկայական աշխատանքները շարունակելու համար մեզ անհրաժեշտ է համբերատար սպասել մինչ այն պահը, երբ հնարավոր կլինի հավաքվել եւ շարունակել մեր կանոնավոր աշխատանքները»,-ասել է Զ. Մնացականյանը:
ՆՇԱՆԱԿԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: Ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։
ԵՎՍ 4 ՀՈԳԻ
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է եւս 4 քաղաքացու մոտ: Մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:
ՕՏԱՐՎԵՑ ԳՈՒՅՔԸ
ՀՀ կառավարությունը վաճառքի է հանում Երեւան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքն ու 0.067667 հեկտար մակերեսով հողամասը: Վաճառքի մրցույթ հայտարարելու որոշումը երեկ ընդուվեց գործադրի հերթական նիստում: Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ կազմում է 1 294 090 800 դրամ: «Շենքը ունի որոշակի արժեք, եւ արտաքին միջամտություններ չեն կարող լինել: Պայմանը հստակ է»,- ասաց ՀՀ վարչապետը: Որոշման համաձայն` օտարվող շենքը դասվում է պատմական միջավայր ձեւավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետեւաբար դրանց հետ կապված որեւէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով` հաշվի առնելով գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։ Հիշեցնենք՝ օտարվող շենքը գտնվում է Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ԱԱԾ շենքի դիմաց: Այս շենքում էր տարիներ առաջ գործում ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեն:
ՌԴ-Ի ՀԵՏ
«Նախորդ տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակներում քաղաքական ակտիվ երկխոսությամբ»,- Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Նախորդ տարի Հայաստանը Ռուսաստանի հետ շարունակել է դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման եւ ընդլայնման ուղղված ջանքերը բոլոր ուղղություններով»,- ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքով` 2019-ն աչքի է ընկել Ռուսաստանի հետ տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում: ԱԳ նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է, եւ այն կարող է քննարկման առանձին երկար թեմա դառնալ։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Մնացականյանն Ազգային ժողովում, կրկին անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հայտնել էր, որ դրանք ունեն հագեցած օրակարգ, պատմություն ու հիմնված են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա: