Armlur.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հորաքրոջ որդին՝ Նիկոլայ Ավետյանը, ներկայացրեց, թե ինչի համար են Հակոբ Ավետյանին կալանավորել, եւ ում փոխարեն է Գեղամասար համայնքի ղեկավարն «օրենքով գողերին» գումար տվել:
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել, իսկ ավելի ուշ կալանավորվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը: Նշենք, որ այս գործով «օրենքով գող» Արսեն Երեւանսկին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ավելին, հայտնել էինք, որ կալանավորված անձանց մեջ է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Հայտնել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել կոնկրետ անձանց հետ: Ըստ մարզում տարածված լուրերի՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ մարդկանց գումար է պարտք, եւ մարդիկ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարները: Նրանք օգնության են կանչել գողականներին, որպեսզի իրենց հասանելիք գումարները ստանան:
Ահա այստեղ էլ գործը հասել է դիվան բաշուն: «Օրենքով գող» Արսեն Երեւանսկին միջնորդավորված կամ ուղիղ եղանակով Հակոբ Ավետյանից պահանջել է վճարել մարդկանց գումարները, եւ այդ ողջ խոսակցությունները Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել են: Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը հենց գյուղապետարանի շենքից կալանավորել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: Սակայն մեզ հետ զրույցում Հակոբ Ավետյանի հորաքրոջ տղա Նիկոլայ Ավետյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվել քրեական գործով:
Ըստ նրա` Հակոբ Ավետյանը «օրենքով գողերի» հետ անձամբ կապ չի ունեցել. «Հակոբին քենակալը պարտք է ունեցել եւ դիմել է Հակոբին, բա՝ խնդրում եմ, արի օգնի, իմ պարտքը տուր: Հակոբը գնացել է, օգնել է եւ այդ պարտքը տվել է: Բայց ինչո՞ւմ են Հակոբ Ավետյանին մեղադրում: Ըստ քրեական գործի, պարտատիրոջ կողմից մարդիկ են եղել, որոնց Ավետյանը չի ճանաչել:
Այսինքն, այդ պարտատերը դիմել է ինչ-որ անձանց, որ գան եւ Հակոբ Ավետյանից իր քենակալի փողը ստանան: Հակոբ Ավետյանն էլ ընդամենը իր քենակալի փողը տվել է այդ մարդկանց: Ամբողջ գործընթացը այդպես է գնացել, Հակոբ Ավետյանը ընդամենը օգնել է իր քենակալին: Հիմա գործը այսպես է. Հակոբ Ավետյանին մեղադրում են, քանի որ այդ փողերը գողականներն են պահանջել, ուրեմն նշանակում է, որ դու առնչվել ես քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ: Ցանկանում եմ, որ դուք ու բոլորը իմանան, որ Հակոբն ընդամենը տարել է իր քենակալի գումարն է տվել: Ըստ Գեղամասար համայնքի ղեկավարի՝ հարազատի դատավորը, այս գործը լսելով, զարմացել է՝ նշելով, եթե մարդը «օրենքով գողի» գումար է պարտք ու այդ գումարը վերադարձնում է, ուրեմն պետք է բռնեք տանե՞ք: Հիմա եթե ես որեւէ մեկին պարտք եմ ու տանեմ պարտքս տամ, ու պարզվի, որ այդ մարդը գողական է կամ քրեական ենթամշակույթ կրող անձ է, ուրեմն ինձ պետք է իմ պարտքը տվյալ անձին վերադարձնելու համար բռնեք տանե՞ք. մի հատ աննորմալ բան է ստացվել, որի տակից չեն կարողանում դուրս գալ ու չեն էլ կարողանալու դուրս գալ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԱԿՈՑՆԵՐ
Նախօրեին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երեւանի 20-ամյա բնակիչ: Քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ 2020թ. հունիսի 10-ին Երեւանի Հարավարեւմտյան Ա1 թաղամասում գործող թիվ 174-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցի ձայներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվել են գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ դպրոցի հարակից տարածքից հայտնաբերվել են 3 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ եւ 2 հատ փամփուշտի գնդակ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Պարետի սահմանափակումները խախտելուն ուղղված վերջին օրերին տեղի ունեցած հանրային վերահսկողության արդյունքում նկատողություն կհայտարարվի Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը նշել է. «Միայն Ստեփանավանի թիվ 2-րդ դպրոցում է հանրային վերահսկողության արդյունքում ի հայտ եկել խախտումներ, մենք բացատրություն ենք պահանջել եւ ներկայացրել ենք մարզպետին՝ տնօրենին կարգապահական տույժի ներկայացնելու՝ նկատողության տեսքով»: Նրա խոսքով՝ դպրոցում կազմակերպվել է աշակերտների ավարտական վկայականների հանձնման արարողություն. «Բոլոր աշակերտներին կանչել էին միանգամից, չէին պահպանել սոցիալական հեռավորությունը, մոտ 20 հոգի միանգամից մեկ վայրում է եղել, լուսանկարներում երեւում է, որ առանց դիմակ են եղել, կարճ ասած՝ պարետի որոշումները չէր պահպանվել»:
ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստը չի կայացել: Այն հետաձգվել է պաշտպանական կողմի դիմումի համաձայն: Նշենք, որ մինչ այս կայացել է մեկ դատական նիստ: Դրանից հետո նշանակված երեք նիստերը հետաձգվել են` համավարակով պայմանավորված: Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ՝ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գեւորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել եւ խեղաթյուրել է որդու՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը եւ օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:
2008թ. գարնանն Արմեն Գեւորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաեւ իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Անդրանիկ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
30 ԱՆՁ
Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում կորոնավիրուսով վարակված 30 անձինք գյուղի եզդիական համայնքից են։ Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանի խոսքով՝ բարեկամներ են, որ իրար հետ հիմնական շփվում են, ինչ-որ կոնկրետ աղբյուր չկա վարակի, երեւի դրսից է եկել վարակը։ Մի հոգի հիվանդանոցում է, մնացածները տանն են:
Նշենք, որ Տանձուտ համայնքում արդեն մահվան երկու դեպք է գրանցվել, մահացածները նույն ընտանիքի անդամներ են՝ եղբայրներ։ Գյուղում շուրջ 50 մեկուսացված անձ կա։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետն ասել էր, որ քննարկվում է Տանձուտում սահմանափակումներ մտցնելու հարցը։