ՀՀ կառավարության որոշմամբ կթողարկվեն պարտատոմսեր Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման հետագա ֆինանսավորումն իրականացնելու նպատակով: Ընդ որում, «Ռոսատոմը» կշարունակի հանդես գալ նախագծի գլխավոր կապալառուի դերում եւ կկատարի բոլոր նախատեսված աշխատանքները արդեն ստորագրված համաձայնագրերի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 270 մլն դոլարի վարկն ու 30 մլն դոլարի դրամաշնորհը տրամադրվել է ՌԴ կառավարության կողմից 15 տարի ժամկետով՝ առաջին երեք տարիներին վճարումների արտոնյալ ժամանակահատվածով: Այդ ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ընդ որում, վճարումների գծով տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%:
Նշենք, որ երկու օր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացման համար տրամադրված ռուսական վարկի մնացած մասից։ Նրա խոսքով՝ այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բլոկում, սակայն մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով նոր իշխանությունները հերթական անգամ ժառանգեցին արդեն ուշացած ծրագիր։ Ակնհայտ են ժամկետների առումով լուրջ ուշացումներ։ Վերջին տարին ակտիվորեն քննարկվում էր վարկի մարման ժամկետների երկարաձգման եւ նոր, արտոնյալ ժամկետի տրամադրման հարցը, սակայն դա տեղի չունեցավ։ Այդպիսով, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմը հրաժարվել է այդ վարկից եւ կներգրավի իր սեփական ռեսուրսները:
Կառավարության որոշումն այսօր ընդունվեց առանց քննարկման ու ներկայացման, միաձայն: Նախագծից պարզ է դառնում, որ հայկական կողմի համար անընդունելի են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարցմանն ի պատասխան 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր պայմանները, մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։
«Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին, ինչպես նաեւ նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձեւավորում ռուսական արտադրողների եւ ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ եւ զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաեւ հայկական կազմակերպությունների ներգրավումը»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ:
«Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար՝ չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն` բացի վարկից, մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեր հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշված է որոշման մեջ:
Իսկ ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Այս որոշումն այսօր եւս արդեն ընդունվեց կառավարության նիստում:
«Երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներով, տարբեր պատճառներով: Եվ մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու: Սա ոչ միայն կառավարման, այլեւ էներգետիկ արդյունավետության բարձրացման խնդիր է: Մենք հստակ խնդիր ենք ձեւակերպել նախարարի առաջ, եւ այդ խնդիրը միանշանակ պետք է կատարվի»,- նախագծի քննարկման ժամանակ նկատեց Փաշինյանը:
Ն.Հ.