ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ խուզարկությունը շարունակվում է։ Նշենք, որ Ծառուկյանի առանձնատան մոտ բազմաթիվ աջակիցներ են հավաքվել։ ԲՀկ-ական Արման Աբովյանը լրագրողներին հայտնեց, որԳագիկ Ծառուկյանն այս պահին տանն է գտնվում։
Նշենք, որ պատգամավորների խոսքով, իրենց տեղեկություններով խուզարկությունը կապված է 2017 թվականի ընտրություններում Մարտունիից մեծամասնականով առաջադրված թեկնածուի մոտ գտնված ինչ–որ փաստաթղթի հետ։ Այնուամենայնիվ, պատգամավորները վստահ են, որ սա քաղաքական հետապնդում է՝ կապված Ծառուկյանի հնչեցրած քննադատության հետ, փորձում են լայնածավալ ճնշումներով իրենց լռեցնել։
Արման Աբովյանի խոսքով՝ այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև իրենց կուսակցական գրասենյակներում, մասնավորապես, Գեղարքունիքի գրասենյակում։
Սակայն դրա հետ մեկտեղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։
Հավելենք, որ առանձնատան դիմաց մեծ թվով աջակիցներ են հավաքված, այդ թվում՝ Առինջ մոլի աշխատակիցները, որոնք փակել են իրենց տաղավարները և եկել այստեղ։