Ինչպես և երբ կարող են Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի նրա հանդեպ քաղաքական հեետապնդում սկսեն։ Ընդ որում, խորհրդարանում պետք է երկու հարցով էլ առանձին քվեարկություններ տեղի ունենան։ Իսկ ինչ է ասում օրենքը․

ՀՀ Սահմանադրություն 96 հոդվածով սահմանված է պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հետեւյալ կարգը. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Իսկ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց առաջանա, ապա դա պետք է անել բացառապես ԱԺ հերթական նիստում: ԱԺ հերթական նիստը նախատեսված է հունիսի 16-ին: Ընդ որում, այդ օրը մեկնարկող նստաշրջանը որպես հերթական վերջինն է լինելու։

Սակայն նկատենք, որ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեցին արտահերթ նիստում։ Այն քննարկվել էր հունիսի 19-ին, ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար։ Այսինքն, եթե անգամ հերթական նիստերը ավարտվեն, ապա Ծառուկյանին կարող են զրկել նաև արտահերթ նիստում՝ կրկին կառավարության նախաձեռնությամբ։

ArmLur.am-ը գրել էր, որ այժմ իրավապահ համակարգում թեժ քննարկումներ են և փորձում են ավելի ուժեղացնել նրան ազատությունից զրկելու իրավական հիմքերը։




Լրահոս