Այսօր օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրելու։ Նիստին կքննարկվեն երեկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ և դրա հետ կապված այլ հարցեր: Դրա հետ մեկտեղ այսօր՝ 16:00-ին տեղի կունենա Աժ հատուկ նիստ, որի ժամանակ պետք է հաստատվի վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգը:
Օրակարգը հաստատվում է միայն ԱԺ խորհրդի որոշմամբ, որի կազմում կրկին մեծամասնություն են կազմում իմքայլականները: Եվ արդեն հստակ է, որ ԱԺ խորհրդի նիստի օրակարգ է բերվելու նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Եվ արդեն հստակ է, որ գլխավոր դատախազը վաղը կներկայացնի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը, որն էլ կքննվի հենց վաղը: ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ այդ միջնորդությունները պետք է քննվեն հերթական նիստերի ժամանակ և վաղն էլ հերթական նիստ է: Բացի այդ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասով որոշումն արդեն կայացված է և միջնորդությունը կքննվի վաղը:
Հավելենք, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կարգը հետևյալն է․ «Մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել, այնուհետև տեղի է ունենում, մտքերի փոխանակություն, որին հաջորդում է այն, որ միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:
Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ»:
Ինչպես հայտնի է, երեկ վաղ առավոտից խուզարկություն էր ընթանում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, Գեղարքունիքի մարզային գրասենյակներում, նրան պատկանող մի քանի ընկերություններում: Խուզարկություններից հետո Ազգային անվտանգության ծառայությունը երեք տարբեր հայտարարություններ տարածեց քրեական գործեր հարուցելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ վերաբերում էին ԲՀԿ առաջնորդին: Երեկ 8 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից և շարունակեց հայտարարել, թե այս ամենը քաղաքական է: