Համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքային բյուջե: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծեր:
Այսինքն այս օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով. համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսը կուղղվի համայնքային բյուջե:
Պարզվում է, որ 2009-2011 թվականների ընթացքում պետական բոլոր հողերն ընդգրկվել են համայնքների վարչական տարածքներում՝ այդ հողերի կառավարման գործառույթը փոխանցելով համայնքների ղեկավարներին: Ճիշտ է, պետական հողերի օտարման գործընթացն իրականացնում է համայնքի ղեկավարը, այդ ընթացքում առաջանում են ֆինանսական ծախսեր, բայց օտարումից ստացված միջոցներից համայնքին որեւէ մասհանում չի կատարվում, ինչը համայնքապետերի մոտ մտահոգություններ ու դժգոհություններ է առաջացրել:
Այսպես, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում վստահ են, որ այս ամենի արդյունքում համայնքային իշխանությունը կկարողանա ինքնուրույն իրականացնել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհների, մանկապարտեզների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:
Ս.Հ.