Ով ում հետ որ այգում կհանդիպի, 4-րդական է. Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանին ո՞վ է խանգարում պայքարել. թող քրեական գործը շարունակվի, իսկ եթե քաղաքական առումով ճիշտ է համարում պայքարելը, թող պայքարի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ տեղի է ունենում քաղաքական հետապնդում եւ որ ինքը հետ չի կանգնելու իր պայքարից:

Ընդ որում, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այդ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան  Ծառուկյանն իր այգում հայտարարեց, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով հեռանա. «Այդ նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում մինչ այդ, հայտարարություններ է արել կապված իշխանության 100 տոկոս փոփոխության վերաբերյալ: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք փաստեր են: Այն փաստաթուղթը, որ երեկ շրջանառության մեջ է հայտնվել, դա, իմ ունեցած տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ եւ մեկ այլ քրեական գործի շրջանակներում է այն ի հայտ եկել, այլ ոչ պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող գործի: Ձեզ թվում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞: Դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ եւ պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»,-ասաց Սիմոնյանը:

Նա  նաև հավաստիացրեց, որ այդ հանդիպումներն իշխանություններին չեն անհագստացրել. «ՀՀ իշխանությանն անհանգստացնում է եւ մտորումների տեղիք  է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը, իսկ թե ով ում հետ որ այգում կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի քաղաքական դաշտ ու կփորձի վերակենդանացնել,  ինչ կփորձի անել, 4-րդական է»:




Լրահոս