Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը երկու տեսանյութ էր հրապարակել՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության հետ: Խուզարկության ժամանակ գտնվել են նաև փաստաթղթեր, որտեղ պատգամավորները հավատարմության երդում են տալիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, թե պատրաստ են անգամ մանդատը վայր դնել, եթե համապատասխան թվով ձայներ չբերեն:
Այդպիսի դիմում հրապարակվել էր նաև Սերգեյ Բագրատյանի մասով: Վերջինս սակայն ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իր անձի հետ կապված տեղեկությունները կեղծ են: « Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան», – նշեց նա:
Ամեն դեպքում պատգամավորը դժվարացավ ասել, թե որտեղից են գտնվել այդ փաստաթղթերը՝ ասելով, թե տեղյակ չեն անգամ տարածքային կառույցները: «Ես հարցրեցի, ասեցի՝ որտեղից կարող են լինել այդպիսի թղթեր, ինձ ասացին, որ տարածքային կառույցներում մարդիկ են եղել, որոնք ամեն մեկի անունից ներկայացրել են իբրև թե: Սակայն տարածքային պատասխանատուները տեղյակ չեն: Դա իմ ստորագրությունը չէ, ես դիմելու եմ դատարան՝ հասկանալու համար, թե ոնց է եղել: Այդ ստորագրությունը կեղծված է», – հավելեց նա:
Անդրադառնալով 2017 թվականին այդպիսի սկանդալին, երբ կրկին մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ էին շրջանառվել, պատգամավորը նշեց՝ եթե այդպիսի բան լիներ, ինքը այժմ պատգամավոր չէր լինի: «Ես չգիտեմ՝ ինչ ձևով են դրանք առգրավվել, բայց ես վստահ պնդում եմ՝ կարճ ժամանակում դիմելու եմ դատարան: Ով արել է, պետք է պատասխան տա»:
Նաիրա Հովհաննիսյան