Քսան տարվա մեջ երկրի հերն անիծել են, էդ թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն․ Նիկոլայ Ծատուրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանն իր եւ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի անունից կոչ էր արել մտավորականությանը համախմբվել եւ սատար կանգնել իշխանությանը` երկրում ստեղծված վտանգավոր եւ օրհասական իրավիճակով պայմանավորված:

«Նրանք կրկին ուզում են մեզ հետ շպրտել դեպի ջախջախիչ, անօրինական կյանք և անում են այդ մեկ նպատակով՝ շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է, պետք է սթափվենք: Մենք՝ մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով՝ սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար…Այսօր՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հարձակում անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել:

Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդհամենը 4%…Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը…»,-մասնավորապես նման կոչով էր հանդես եկել նա:

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ:

«Ես մի անգամ ասել եմ ու էլի կրկնում եմ իսկական հեղափոխության ժամանակը հիմա է. պետք է անել հեղափոխություն, որպեսզի դրանց բոլորին վերացնեն: Ես ընդհանրապես ռադիկալ գործողությունների կողմնակից եմ, որ եթե ինձ մայր են հայհոյում, ես պետք է հերն անիծեմ: Իսկ Նիկոլին, եթե հայհոյում են, ասում է` ոչինչ: Ի՞նչ ոչինչ: Պետք է բռնես ու հերներն էլ անիծես: Քո ձեռքին է հիմա իշխանությունը, եւ կարեւորը ժողովուրդը քեզ հետ է: Քանի դեռ ժողովուրդը չի հիասթափվել այս կամուկացից, պետք է շատ կոնկրետ միջոցներ ձեռք առնել»,-նկատում է Նիկոլայ Ծատուրյանը:

Ըստ մեր զրուցակցի` նա հեղափոխության սկզբից էլ դեմ է եղել թավշյա եւ սիրո խոսքերին: Նրա կարծիքով` թավշյա հեղափոխություն անում են այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը հզոր վիճակում է գտնվում:

«Բայց քանի որ քսան տարվա մեջ լրիվ հերներս անիծված երկիր ենք, թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն: Բացի դա այն ժամանակ ավելի շատ իշխանափոխություն եղավ, բոլորն ուրախացան, որ վերջապես ազատվում են Սերժիկից, իսկ հիմա պետք է իսկապես անեն հեղափոխություն, եւ մտավորականությունը պետք է միշտ ժողովրդի կողքին կանգնի: Այս անորոշությունը ժողովրդին սկսել է նյարդայնացնել: Նիկոլ Փաշինյանի ամբողջ սխալն այն է, որ նա չստեղծեց իր կաբինետը: Հիմա նա ԱԱԾ-ում պետք է ստեղծի այն ուժերը, ովքեր իրեն իսկապես սատար կկանգնեն, այդ ժամանակ նոր կարելի է բոլոր հարցերը լուծել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը շատ կարեւոր ուժային կառույց է: Կադրային փոփոխություններ անելուց առաջ ես պետք է նախ մտածեմ, թե տեղն ում եմ դնում, ով կարող է լինել, իսկապես այն մարդը ով վստահված կլինի: Փոխում է` լավ է անում, բայց ես կողմնակից եմ, երբ Գլխավոր շտաբի պետը, հարսանիք է անում` պետք է հրաժարական տա, օրենքը բոլորի համար է գործում հավասար, եւ այդ քայլը բավականին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա»,-ընդգծում է նա:

Նիկոլայ Ծատուրյանի խոսքով` ժողովուրդը Կառավարության նման քայլերը տեսնելով սովորում է, ոգեւորվում է : իսկ ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին, ապա ըստ նրա` բնական բան է, որ նրանք պետք է պայքարեն իշխանության դեմ, քանի որ նրանք լավ լափել են եւ հիմա զգում են, որ այդ լափածը ձեռքներից գնում է:

«Մենք էլ հո արջի պես քնած չենք, մենք էլ հարկ եղած ժամանակ դուրս կգանք փողոց եւ արդեն կպահանջենք ուրիշ բաներ: Նիկոլն ինչ անում է, պետք է անի ժողովրդի անունից եւ չլսի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Արա´, ինչ-որ պետք է, արա´: Մենք մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյանի հախից չենք կարողանում գալ: Էդ մարդը մեռավ մարդկանց գլուխն ուտելով, մի խոսքով ռադիկալ միջոցներ են պետք: Ինձ դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում արդարանում է, այ մարդ, ինչո՞ւ ես արդարանում : Հրամայիր եւ կատարիր, վերջացրո´ւ: Էդ Աշոտյանին, սաղին պետք է տան ժողովրդի ձեռքը, «սամասուդ» անեն»,-հավելում է նա:

Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ` նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ Կառավարությունը պետք է շատ լուրջ միջոցներ ձեռնարկի` ոչ թե այսպես թավշյա, այլ լուրջ. «Հեղափոխությունները թավշյա չեն լինում»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս