«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ շարունակվում են բուռն քննարկումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներգրավումը նախատեսող քրեական գործի ճակատագրի մասով: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Բանն այն է, որ եթե ԱԺ-ն 67 պատգամավորներով փակ գաղտնի քվեարկությամբ տվեց իր համաձայնությունը Ծառուկյանին մեղադրելու եւ կալանավորելու մասով, գործը մտնելու է նաեւ դատարան: Ու պարզ չէ` նրա նկատմամբ դատավորները խափանման ինչպիսի միջոց կընտրեն՝ կկալանավորեն երկու ամսով` նախնական, թե խափանման միջոց կընտրեն ստորագրությունը չհեռանալու մասին եւ այդպես կքննեն գործը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ դատավորներից շատերն այս օրերին դիմումներ են ներկայացնում ԲԴԽ տարբեր պատճառաբանություններով աշխատանքի չգնալու համար՝ մեկը կոնտակտավոր է, մյուսի սիրտն է ցավում, երրորդի ճնշումն է բարձրացել եւ այսպես շարունակ: Այդպես դատավորներից շատերն արդեն իրենց «ապահովագրում են», որպեսզի Ծառուկյանի կալանքի հարցը իրենք չվճռեն: Դատավորները մտավախություն ունեն՝ եթե կալանքի որոշում չտան, կմեղադրվեն, թե վախեցան գործարարից, իսկ եթե կալանքի որոշում հրապարակեն, կմեղադրվեն օրվա իշխանությունների կամակատարը լինելու համար, դրա համար ամենաապահով տարբերակ է գտնվել «հիվանդանալը»:
Նշենք, որ երեկ էլ նիստ է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, եւ, բնականաբար, հիմնական թեման այսօր խորհրդարանում քննարկվելիք միջնորդություններն են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցության նիստը վարել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը: Իմքայլականները պայմանավորվել են այսօր հնարավորինս հանդարտ նիստ անցկացնել, չտրվել ԲՀԿ-ականների սադրանքներին, եթե անգամ նման բան լինի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում անձերին վերաբերող քվեարկությունները նախատեսվում են փակ-գաղտնի ռեժիմով եւ ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե խորհրդարանն ունի 132 պատգամավոր, ապա այս որոշումն ընդունելու համար բավարար է 67 կողմ ձայնը: Եվ իշխող խմբակցությունը երեկվա նիստին արդեն որոշել է փակ գաղտնի քվերարկությամբ կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը ու հարցը փակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը նիստին ներկա չի լինի: Հավելենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝ մեղադրյալների շրջանակը մեծանա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։