Մանկապարտեզի աշխատակիցները սպասման մեջ են. փոխքաղաքապետի խոստումը՝ օդում կախված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները սրտատրոփ սպասում են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոստացած հավելյալ ֆինանսական միջոցներին: Հիշեցնենք, որ Վիրաբյանը դեռեւս մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Այս օրերին մանկապարտեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ ենք գտնելու»։ Պարզվում է՝ քաղաքապետարանը դեռ չի գտել ֆինանսական այդ միջոցները: Ավելին՝ Երեւանի նախակրթարանների աշխատողները մտահոգված են, նրանք այս հարցով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետարան եւ հետաքրքրվեցինք՝ արդյոք գտնվել են ֆինանսական այդ միջոցները, թե ոչ, արդյոք այս ժամանակահատվածում աշխատելու համար նախակրթարանների աշխատողները կստանան պարգեւավճարներ, թե ոչ:

Սակայն մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից արձագանքել են՝ նշելով հետեւյալը. «Այս օրերին մանկապարտեզներ հաճախող աշխատակացիներին հավելյալ ֆինանսական խրախուսում տալու հարցը դեռ քննարկման փուլում է»: Այսինքն՝ ամիսը շուտով կավարտվի, բայց խրախուսելու համար Վիրաբյանի խոստացած ֆինանսական հավելյալ միջոցները դեռեւս գտնված չեն, ու հարց է՝ կգտնվեն, թե ոչ, բայց հայտարարությունը համայնքային պաշտոնյայի շուրթերից հնչել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս