Ինչ խնդիրներ կան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, և ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանը բաց նամակ էր գրել ՀՀ վարչապետին, եւ տեղեկացրել մի շարք խնդիրների մասին։

Բժշկուհու խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ընդունարան դիմած հիվանդների զգալի մասն արդեն իսկ գալիս է համակարգչային շերտագրումով (ՀՇ) Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով: Իրենք այդ հիվանդներին դիտարկում ենք որպես կասկածելի դեպք, հոսպիտալացնում (եթե իհարկե տեղ ունեն) ու 2 օր հետո, երբ ունենում են ՊՇՌ դրական պատասխան, փորձում են տեղափոխել Covid 19 դրական հիվանդանոց: Տեղափոխման համար 1-03 պետք է գա, իսկ 1-03 կանչելը գրեթե անհնար է, ինչի համար նույնիսկ տնօրենին են դիմում, որ 1-03 կանչի, իսկ երբ Covid 19-ի համար վերապրոֆիլավորված հիվանդանոցներում տեղ չի լինում (իսկ այդպես հաճախ է լինում), կրկին տնօրենին են դիմում, որ տեղափոխումն էլ կազմակերպի, քանզի ընդունարանում լինում են հիվանդներ միջին ծանրության և ծանր, որոնք սպասում են բաժիններում տեղերի ազատման, իսկ դրա համար հաստատված հիվանդները պետք է տեղափոխվեն:

Թեհմինե Ղալեչյանն առաջարկում է համակարգչային շերտագրումով Covid 19 բնորոշ թոքաբորբ պատասխանով հիվանդներին դիտել որպես Covid 19 դրական հիվանդ ու նրանց չքաշքշել մի հիվանդանոցից մի հիվանդանոց, 1-03 ն էլ այդպիսով մի քիչ թեթևացնել:

Բժշկուհու դիտարկմանն արձագանքել էր նաեւ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետևյալն է․ «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի 14.06.2020թ․ թիվ 06-Ց ցուցմամբ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով․․․»,- մասնավորրապես գրել էր Նիկողոսյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը նաեւ փորձել է կապ հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, հասկանալու  համար, թե ինֆեկցիոն կենտրոնի բժշկի բարձրացրած մտահոգությունների մասին, ինչ վերաբերմունք ունի վարչապետը։

Մեր հարցմանն ի պատասխան վարչապետի խոսնակը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման քննարկում չեն ունեցել։

«Իսկ պատասխանատու մարմինը կետ առ կետ պատասխանել է բարձրացված հարցերին»,-նշել է նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս