Քննարկվել են ՌԴ Սվերդլովսկի մարզի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության ՏԱՍՍ–Ուրալ մամուլի կենտրոնից ուղիղ
հեռարձակմամբ հունիսի 16–ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Սվերդլովսկի
մարզի Միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարար Վասիլի Կոզլովի գլխավորությամբ,
կայացել է տեսաժողով` նվիրված Սվերդլովսկի մարզի և Հայաստանի առևտրատնտեսական
համագործակցության հեռանկարներին։

Տեսաժողովին մասնակցել են երկու կողմերի պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների
ներկայացուցիչներ, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների
պատասխանատու պաշտոնյաներ։

Վարոս Սիմոնյանը և Վասիլի Կոզլովը իրենց ողջույնի խոսքում գոհունակություն են հայտնել նման
ձևաչափով երկխոսության կազմակերպման առիթով` նշելով, որ այն սկիզբ կդառնա արդյունավետ
գործակցության նոր փուլ սկսելու համար։

Վասիլի Կոզլովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին տեսաժողովի առաջարկն ընդունելու
համար և տեղեկացրել, որ այս նախաձեռնությունը բիզնեսի պահանջն է և մարզի ավելի քան 50
կազմակերպություններ և ընկերություններ արդեն իսկ առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի
գործընկերների հետ համագործակցության իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ։ Նա առանձնացրել է
գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ներդրումների, առողջապահության,
կրթության ոլորտները և այլն։ Այդ առնչությամբ նախատեսվում են քննարկումներ նաև Հայաստանի այլ
գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև գործարարների հետ` հստակեցնելու
փոխշահավետ գործակցության շրջանակները։

Վարոս Սիմոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի և իր անունից շնորհակալություն է հայտնել Սվերդլովսկի
մարզպետին և կառավարությանը` Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու նախաձեռնության
համար` նշելով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը միշտ կարևորվել են Հայաստանի կառավարության կողմից և Սվերդլովսկի մարզը այդ գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել,
ինչի վկայությունն է Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև կնքված և արդեն ավարտվող 10 տարվա
համագործակցության համաձայնագիրը։ Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի
մարզի միջև համագործակցության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը ավարտական փուլում
է և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել
նոր համավարակով պայմանավորված դժվարությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել
առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Տեսաժողովի ընթացքում քննարկում է ծավալվել Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև
առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Ներկայացվել են
համագործակցության առաջարկներ զբոսաշրջության, օրգանիկ գյուղատնտեսության, թեթև
արդյունաբերության, դեղագործության ոլորտում, պտուղ–բանջարեղենի մատակարարման կազմակերպման
ուղղությամբ, ինչպես նաև քննարվել են կողմերի ներդրումային հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հստակեցնել և փոխանակել համագործակցության
ցանկություն հայտնած ընկերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների
վերաբերյալ տեղեկատվություն, նաև, համավարակը հաղթահարելուց հետո, կազմակերպել
համապատասխան պաշտոնյաների, գործարարների, տուրօպերատորների և լրագրողների փոխադարձ այցեր`
համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։




Լրահոս