Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ
Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)
հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ
Գրիգորյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը,
առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և համագործակցության արդյունքում
սպասվող անելիքները:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար,
ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:
Առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է
մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման
դասընթացներ անցկացնելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել
կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը
հանրային վստահություն ձևավորելու հարցում:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման
հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:
Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների
միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով: