ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունված հակահայկական համատեղ հայտարարությունը  մտահոգությունների տեղիք է տալիս: Խոսքը Արցախի եւ Հայաստանի միջեւ երրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ տարածված հայտարարությանն է վերաբերում: Ուշագրավ է, որ հայտարարության հեղինակներից առնվազն երկուսը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ռումինիայի նախկին նախագահն ու Էստոնիայի նախկին արտգործնարարը: Ի դեպ, երեքից երկուսը ԵԺԿ անդամներ են, մեկը՝ ALDE-ի: Այս ամենը տեղի ունեցավ մյուս շաբաթ սպասվող Եվրախորհրդարանի լիագումար նիստի եւ ԱլԳ գագաթաժողովի նախաշեմին: Սակայն այստեղ ուշագրավ է, որ «Հայաստանի եւ ԼՂ միջեւ նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» հայտարությունում տեղ գտած ձեւակերպումները հակասում են մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին եւ փաստաթղթերին:

Հունիսի 10-ին ընդունված այդ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին եւ նրանց՝ 2009թ-ի հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»: Այսինքն, հայտարարությամբ հստակ կանխորոշվում է Արցախի վերջնական կարգավիճակը՝ սահմանափակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները: Մինչդեռ անցյալում Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերում նման ձեւակերպում չի եղել: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության այս հանձնաժողովը գրեթե ամեն տարի երկկողմ նիստեր է անցկացնում, որոնց արդյունքում ընդունվում են համատեղ հայտարարություններ: Ամեն դեպքում, որքան էլ այս հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ջանքերով, առկա է նաեւ հայկական կողմի բացթողումը:  Իսկ ո՞վ է իրավիճակի պատասխանատուն: Ընդգծենք,, որ այս մասի պատասխանատուն Արման Եղոյանն է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահը, ու մյուս անդամները: Երեկ Եղոյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, իսկ ավելի ուշ կոմիտեի անդամներով հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով հայտարարությունը: Ամեն դեպքում, անկախ այս երեք պաշտոնյաների նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառներից՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի կանխել հետագայում նման ձեւակերպումների արտացոլումը եվրոպական կողմի հայտարարություններում ու փաստաթղթերում, եւ դա անել նախապես, ոչ թե հայտարարություններից հետո զբաղվել դրանցով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որեւէ աշխատանք չի կատարել: Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերվել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատատնքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում, եւ ոչ թե կրթական համակարգին: Ի դեպ, երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանը ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որեւէ փոփոխություն չի տեսնում, ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչվեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ջհանգիրյանը կրկին անգամ դիմել է ՎՃռաբեկ դատարան, որի վարույթ ընդունել-չընդունելու հարցը առայժմ քննարկան փուլում է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեծամասնությունն արդեն դրական որոշում է ընդունել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ մնացել է այն տեխնիկապես ձեւակերպելու հարցը: Ըստ լուրերի՝ այդ որոշման ընդունմանը նպաստել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերական խնդրանքը, ինչին չեն ընդդիմացել պալատականները: Եվ ի՞նչ է այս ամենը ենթադրում. եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել եւ բավարարի Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, ապա նախկին գլխավոր դատախազին վճարման ենթակա կլինի 90-100 միլիոն դրամ: Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռեւս նիստերը շարունակվում են:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած արտահայտություններից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշել էր. «Գագիկ Ծառուկյանին խղճում եմ: Կարծում եմ, որ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք, եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ղուկասյանի այս հայտարարություններից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որը հենց Լոռու մարզից է, շատ լավ իմանալով մարզպետին, գնացել է եւ փորձել «հաշիվներ պարզել» նրա հետ, թե ինչու է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել իրենց կուսակցության ղեկավարի հասցեին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես նման միջադեպի հետ կապված տեղեկություն չունեմ: Արթուր Դալլաքյանը վստահաբար շատ լավ տեղեկացված է, թե մարզում ինչ խնդիրներ կան նրա պաշտոնավարումից հետո, եւ որքան տեղյակ եմ,  Դալլաքյանը հրապարակային հայտարարությամբ հանդես եկել է: Մյուս հարցերի վերաբերյալ տեղեկություն չունեմ»:

 




Լրահոս