Եվրախորհրդարանի պատգամավորները հունիսի 11-ին համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Ընդ որում, պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի եւ Ադրբեջանի մասով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի՝ հունիսի 10-ին ներկայացված համատեղ հայտարարության մեջ նշված է:
«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու իշխանությունների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի եւ դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք խորը ափսոսանք ենք հայտնում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- ասված է հայտարարության մեջ:
ArmLur.am-ը փորձել է հասկանալ նման հայտարարություն տարածելու պատճառները. ի վերջո, ում բացթողումն էր, եւ ինչու հայկական կողմը չի կարողացել կանխել այն: Նախ ընդգծենք, որ այս հայտարարությունը տարածել է Եվրոպական խորհրդարանի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, այսինքն՝ Հարավային Կովկաս եւ Հայաստան համագործակցության հանձնաժողովը: Ընդ որում, Հայաստանն այդ հանձնաժողովում ունենում է երկու անդամ: Այժմ այդ հանձնաժողովում փոխնախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է: Այսինքն՝ հենց նա պետք է որեւէ կերպ կանխեր այսպիսի հայտարարության տարածումը:
Բացի այդ, այս հայտարարությունը հակասում է մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին եւ փաստաթղթերին: Անցյալում նման ձեւաչափով այս պաշտոնյաների կողմից համատեղ հայտարարություն չի ընդունվել: Այս երեւույթն ինքնին աննախադեպ է: Օրինակ՝ 2010 թվականի դեկտեմբերին այսպիսի հայտարարություն էր եղել.
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝
- ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք, կոչ է անում բոլոր կողմերին խոսքով եւ գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը եւ ակտիվ ջանքեր գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
- Ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը եւ 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը:
- Սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին` հիմնված Հելսինկինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:
- Գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում:
- Ընդգծում է 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված վերջին համատեղ հայտարարության կարեւորությունը, որում նշվում է, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ:
- Ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը:
- Համոզմունք է հայտնում , որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծ օգուտ բերել, եւ հակամարտության կարգավորումը այդպիսի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծի: Համոզված է, որ անհրաժեշտ է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը եւ որ դրան ուղղված քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման համար բարենպաստ մթնոլորտի վրա:
- Ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը համաձայնության գալ ուժի չկիրառման եւ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ:
- Ափսոսանք է հայտնում վերջերս շփման գծում տեղի ունեցած զինված աճող միջադեպերի կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսանում, եւ կոչ է անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` այդպիսի միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ շփման գծում ուժեղացված մոնիտորինգը:
- Ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Աստրախանում արված մարդասիրական ջանքերը, մասնավորապես` պատերազմի գերիների եւ վերջերս տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքով սպանվածների դիակների փոխանակմանը վերաբերող համատեղ հայտարարությունը:
Այսպիսով, Եվրախորհրդարանի այս երեք պաշտոնյաների համատեղ հայտարարությունը հակասում է Եվրախորհրդարանի, Եվրամիության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախկինում արված հայտարարություններով հաստատված կարգավորման տրամաբանությանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԻՖ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միֆ է որակում այն պնդումը, թե հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում: «Դա հերթական միֆն է: Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետեւ, միեւնույնն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է»,- ասել է նախարարը: Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼ Է
Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:
ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ. Համլետ Սլավայի Ապրեսյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ջիվան Սուրենի Հայրապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Ո՞Վ Է ՈՍՏԻԿԱՆԸ
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երեւան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցեում տեղի ունեցած միջադեպից: Մասնավորապես, մեղադրյալի աթոռին հայտնված անձը ոստիկանության գնդապետ է: Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երեւան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե, որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը, որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով ոստիկանության աշխատակիցներին՝ 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, քաշել եւ վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ , որ վերոնշյալ անձը ոստիկանության գնդապետ Կարեն Մովսիսյանն է:
ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Օրերս ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած, թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում եւ արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ եւ այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաեւ որոշ լրատվամիջոցներում։ Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների եւ հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի 10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից, այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերեւույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որեւէ փաստի չի տիրապետում եւ բավարար հիմքեր չունի: