ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր հետաքննությունը՝ կապված Հայաստանի կողմից ՕՍԱ-ԱԿՄ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ:

Կայքին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գործարքից: Եվ այսպես, ըստ ՊՆ մեր աղբյուրների, ինչպես նաեւ այլ հետազոտությունների արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ համակարգերը Հայաստանը միջնորդ ընկերության միջոցով ձեռք է բերել Հորդանանից:

Հորդանանը այդ ՕՍԱ-ԱԿՄ համալիրները վաճառքի էր հանել մի շարք զենքերի հետ համատեղ, մեկ փաթեթով, դրանք հիմնականում խորհրդային արտադրության տարբեր զենքեր են եղել, մասնավորապես՝ մեծ քանակությամբ ըԾկ-2-ներ: Վաճառքն իրականացվել է մրցույթային կարգով, մրցույթը հաղթել է բուլղարական ընկերություն, որն էլ արդեն գնած զենքերը տեսակավորել է եւ ՕՍԱ-ԱԿՄ-ները առաջարկել է գործարար Դավիթ Գալստյանի ընկերությանը: Բուլղարական ընկերությունից ձեռք բերելով ՕՍԱ-ԱԿՄ-ները` վերջինս արդեն տեղում սկսել է դրանց նախնական տեխնիկական վերանորոգումը եւ նախապատրաստությունը Հայաստան տեղափոխելու համար:

Առհասարակ, Դավիթ Գալստյանի ընկերությունը Հորդանանում զենքի առեւտրի մեծ փորձ ունի: Հատկանշական է, որ մինչ այս Հորդանանի հետ նրա ռազմական գործարքները որեւէ առնչություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ:

Ձեռք բերված զենքերը համապատասխան մասնագետները մոտ վեց ամիս կարգի են բերել, որոշակի վերանորոգում կատարել՝ բերելով այնպիսի վիճակի, որ դրանք իրենց ընթացքով տեղափոխվեն եւ բարձրանան ինքնաթիռները:

ՕՍԱ-ԱԿՄ-ները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար օգտագործվել է տասը բեռնատար ինքնաթիռներ, որոնց համար վճարվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ բերված ՕՍԱ-ԱԿՄ-ները մեր երկրում արդեն անցել են կապիտալ վերանորոգում եւ Հայաստանում յուրացված տեխնոլոգիաներով կատարելագործում: Այդ մասին, ի դեպ, ՊՆ ավելի վաղ հայտնել էր: Այս աշխատանքների ծախսերը, ինչպես ArmLur.am-ը գրել էր իր առաջին հետաքննության մեջ, ներառված են գործարքի արժեքի մեջ, այսինքն՝ վերանորոգման եւ կատարելագործման ծախսերի համար Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին վճարվել է:

Այժմ անդրադառնանք այն հարցադրումներին, թե ինչու է ՀՀ-ն ՊՆ-ն գործարքը կնքելիս նախապատվությունը տվել հենց Դավիթ Գալստյանի առաջարկին:

Նախ՝ Դավիթ Գալստյանի կազմակերպության հետ դեռ տասը տարի առաջ եղել է համապատասխան պայմանագիր, որի իրականացման համար ՀՀ-ն նրան որպես կանխավճար վճարել էր շուրջ 15 մլրդ դրամ, սակայն գործարքը չէր կայացել մատակարար կողմի պատճառով (այս մասին ArmLur.am-ը նույնպես գրել էր իր նախորդ անդրադարձում):

Հորդանանի կողմից առաջարկված ՕՍԱ-ԱԿՄ-երը գնային առումով եղել են ամենաէժանը: Ձեռք բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-երը մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեին արժեցել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում: Համեմատության համար նշենք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը համալիրների ձեռքբերման առաջարկ է ստացել նաեւ Բելառուսի «ըպսՉվպՔտՐՏՎրպՐՉՌր» պետական հիմնարկությունից, որով մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը սահմանված է եղել 10.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ ՀՀ-ն ստացել է նաեւ Ռուսաստանից (խոսքը վերաբերել է անվճար համալիրներին), սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել, ինչը գնային առումով վերջնահաշվարկում ավելի թանկ կլիներ երկրի համար, որակական առումով էլ` խնդրահարույց:

Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են ամենաթարմը: Մասնագետները լավ գիտեն, որ Հորդանանը այս զենքերը գրեթե չի օգտագործել: Ըստ ոլորտի գիտակների՝ Հորդանանը, որը իր սպառազինության մեծ մասը գնում է արեւմտյան երկրներից, մշտապես որոշակի զենքեր գնել է նաեւ ԽՍՀՄ-ից ու ՌԴ-ից, եւ համեմատած շատ այլ արաբական երկրների՝ դրանք լավ է պահպանում եւ քիչ շահագործում:

Հորդանանից բերված ՕՍԱ-ԱԿՄ-ների հետ բերվել են մեծ քանակի լրացուցիչ սարքավորում եւ պահեստամասեր, որի ծախսերը նույնպես ներառված են գործարքի ընդհանուր գումարի մեջ: Այս մասին մենք եւս գրել էինք մեր նախորդ անդրադարձում:

ՊՆ մեր աղբյուրները նշում են, որ այս եւ բազում այլ մրցույթային գործարքներ իրականում շատ դժվար են իրականացվում, որպես կանոն ոչ փորձառու ընկերությունները հաճախ ցածր գներով հաղթում են տարբեր մրցույթներում, այդ թվում նաեւ զենքերի մատակարարման ոլորտում, սակայն հետո դրանց մատակարարման հետ բազում խնդիրներ են ի հայտ գալիս, դատական հայցեր եւ այլն:

Հիշեցնենք, որ նման դատական գործերն ու մատակարարման խնդիրները մենք եւս լուսաբանել ենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020թ. մարտի 29-ին, իր բնակարան այցելելու եւ ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդը, իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան, շարունակել է վիճաբանել եւ քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՄԵՐԺԵԼ Է

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները։ Դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՐԸ

ՀՀ տարածքային կառավարման եւև ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Արգիշտի-1» ՍՊԸ-ի: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ում 50 % մասնաբաժին ունի Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, իսկ մնացյալ 50 %-ն էլ նախկին քաղաքապետի եղբորն է պատկանում՝ Սեյրան Դարբինյանին: Այս ընկերությունը տարիներ շարունակ սնվել է պետական բյուջեից եւ առանց մրցույթների ստանում է շինարարություն իրականացնելու նախագծերի ֆինանսավորումը: «Արգիշտի-1» ՍՊԸ-ն գրանցված է Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 6 հասցեում: Նույն հասցեում է գրանցված նաեւ «Լոռիի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ում իր փայատեր լինելու փաստը չի ժխտել նախկին քաղաքապետ Դարբինյանը: Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը նախկին քաղաքապետին պատկանող ընկերությունից գումար է պահանջում: Հետաքրքիր է՝ ինչ որոշում կկայացնի դատարանը այս գործով: Ի դեպ, նշենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանն է: Հուսանք, որ այս գործը քնող դատավոր Նաիրա Մխիթարյանին չի կաշկանդի այն հանգամանքը, որ իր կոլեգայի հոր դեմ հայց է ներկայացվել դատարան, եւ օբյեկտիվ որոշում կկայացնի:

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԹԱԼԱՆԸ

Ինչպես հայտնի է, 2020թ. հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ : Բնակարանը , որտեղից գողություն էր կատարվել, պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել եւ հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են իրավապահները: Եվ, ահա, 5 ամիս անց նախաքննական մարմինը որոշում է կայացրել կասեցնել նախկին փոխնախարարի բնակարանի թալանի գործը, ասել է թե՝ իրավապահներին այդպես էլ չհաջողվեց բացահայտել, թե ով կամ ովքեր են մուտք գործել նախկին փոխնախարարի տուն եւ այն թալանել:

 




Լրահոս