Լուսանկարն արվել է Երեւանում
Նստարանի ճակատագիրը, մեղմ ասած, լավ չի դասավորվել: Բավական չէ՝ այն կոտրել են, պատկան մարմիններին էլ ուշադրություն չեն դարձրել՝ թողնելով փողոցում:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կազմակերպությունը կարող է արդյոք ծառայության մատուցման դիմաց կատարվող անկանխիկ վճարումը իրականացնել արտարժույթով:
Սուսաննա Գրիգորյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաեւ արտարժույթով՝
ա) իրավաբանական անձանց միջեւ,
բ) անհատ ձեռնարկատերերի միջեւ,
գ) սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված սուբյեկտների միջեւ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը (մասնավորապես աշխատավարձի վճարում ՀՀ դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով):
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. ԱՊՊԱ հատուցման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից հատուցման ժամկետի խախտման դեպքում ի՞նչ պատասխանատվության միջոցներ են սահմանված:
Հարություն Հարոյան (56 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարոյանի հարցին ի պատասխան` ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների, նախնական զննության գործընթացի իրականացման, ապահովագրական հատուցման վճարման եւ ծանուցումների իրականացման համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ կանոններով նախատեսված ժամկետների խախտման դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք ունի դիմում ստացած ապահովագրական ընկերությունից (ԴՍԱ) պահանջել յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տույժ՝ օրենքով սահմանված չափով, իսկ օրենքով համապատասխան խախտման համար տույժ սահմանված չլինելու դեպքում՝ տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0,1 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել հիսուն հազար ՀՀ դրամից, եթե միեւնույն հատուցման գործընթացում սույն կանոններով նախատեսված բոլոր գործողությունների համար սահմանված ժամկետների կետանցված օրերի քանակը 7 եւ ավելի է:
Ընդ որում՝ միեւնույն համադրելի ժամանակահատվածում ԴՍԱ-ի կողմից սույն կանոններով նախատեսված տարբեր գործընթացներ կետանցվելու դեպքում այդ ժամանակահատվածի համար տույժերը հաշվարկվում են մեկ անգամ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենան գտնվի հետվթարային՝ չվերանորոգված վիճակում, ինչը հնարավորություն կտա անկախ փորձագետին կատարել համապատասխան փորձաքնությունը: