ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ շարունակվում են բուռն քննարկումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներգրավումը նախատեսող քրեական գործի ճակատագրի մասով: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Բանն այն է, որ եթե ԱԺ-ն 67 պատգամավորներով փակ գաղտնի քվեարկությամբ տվեց իր համաձայնությունը Ծառուկյանին մեղադրելու եւ կալանավորելու մասով, գործը մտնելու է նաեւ դատարան: Ու պարզ չէ` նրա նկատմամբ դատավորները խափանման ինչպիսի միջոց կընտրեն՝ կկալանավորեն երկու ամսով` նախնական, թե խափանման միջոց կընտրեն ստորագրությունը չհեռանալու մասին եւ այդպես կքննեն գործը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ դատավորներից շատերն այս օրերին դիմումներ են ներկայացնում ԲԴԽ տարբեր պատճառաբանություններով աշխատանքի չգնալու համար՝ մեկը կոնտակտավոր է, մյուսի սիրտն է ցավում, երրորդի ճնշումն է բարձրացել եւ այսպես շարունակ: Այդպես դատավորներից շատերն արդեն իրենց «ապահովագրում են», որպեսզի Ծառուկյանի կալանքի հարցը իրենք չվճռեն: Դատավորները մտավախություն ունեն՝ եթե կալանքի որոշում չտան, կմեղադրվեն, թե վախեցան գործարարից, իսկ եթե կալանքի որոշում հրապարակեն, կմեղադրվեն օրվա իշխանությունների կամակատարը լինելու համար, դրա համար ամենաապահով տարբերակ է գտնվել «հիվանդանալը»:

Նշենք, որ երեկ էլ նիստ է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, եւ, բնականաբար, հիմնական թեման այսօր խորհրդարանում քննարկվելիք միջնորդություններն են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցության նիստը վարել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը: Իմքայլականները պայմանավորվել են այսօր հնարավորինս հանդարտ նիստ անցկացնել, չտրվել ԲՀԿ-ականների սադրանքներին, եթե անգամ նման բան լինի:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում անձերին վերաբերող քվեարկությունները նախատեսվում են փակ-գաղտնի ռեժիմով եւ ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե խորհրդարանն ունի 132 պատգամավոր, ապա այս որոշումն ընդունելու համար բավարար է 67 կողմ ձայնը: Եվ իշխող խմբակցությունը երեկվա նիստին արդեն որոշել է փակ գաղտնի քվերարկությամբ կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը ու հարցը փակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը նիստին ներկա չի լինի: Հավելենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է  2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝ մեղադրյալների շրջանակը մեծանա:

 

 

 

Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը եւ դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, եւ առկա են դրանք հավաստող փաստաթղթերը: Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել են այդ փաստաթղթերը՝ ուսումնասիրելու համար, իսկ Զաքարյանին հարցաքննելու պատճառն էլ այն է եղել, որ 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա եղել է ԲՀԿ շտաբի պետը: Սակայն մեր տեղեկություններով՝ երբ հարցաքննության ժամանակ Զաքարյանից հետաքրքրվել են՝ ինչ գիտի ընտրակաշառքի դեպքերի մասին, Վերահսկիչ պալատի նախկին նախագահը ոչինչ չի հայտնել՝ ասելով, թե ինքը ընտրակաշառքի մեխանիզմի մասին որեւէ տեղեկություն չունի եւ որեւէ բան չի կարող հայտնել: Ասել է թե՝ Իշխան Զաքարյանն իրենց համար ցանկալի ցուցմունք չի տվել:

 

 

Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվելու: Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազություը ստացել էր երեք հայտ՝  Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան: Կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն է, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մինչեւ մրցույթը արդեն իսկ «քաղաքական որոշումը»  կայացված է. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է իր մարդուն «գործուղել» դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը:

 

 

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները սրտատրոփ սպասում են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոստացած հավելյալ ֆինանսական միջոցներին: Հիշեցնենք, որ Վիրաբյանը դեռեւս մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Այս օրերին մանկապարտեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ ենք գտնելու»։ Պարզվում է՝ քաղաքապետարանը դեռ չի գտել ֆինանսական այդ միջոցները: Ավելին՝ Երեւանի նախակրթարանների աշխատողները մտահոգված են, նրանք այս հարցով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետարան եւ հետաքրքրվեցինք՝ արդյոք գտնվել են ֆինանսական այդ միջոցները, թե ոչ, արդյոք այս ժամանակահատվածում աշխատելու համար նախակրթարանների աշխատողները կստանան պարգեւավճարներ, թե ոչ: Սակայն մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից արձագանքել են՝ նշելով հետեւյալը. «Այս օրերին մանկապարտեզներ հաճախող աշխատակացիներին հավելյալ ֆինանսական խախուսում տալու հարցը դեռ քննարկման փուլում է»: Այսինքն՝ ամիսը շուտով կավարտվի, բայց խրախուսելու համար Վիրաբյանի խոստացած ֆինանսական հավելյալ միջոցները դեռեւս գտնված չեն, ու հարց է՝ կգտնվեն, թե ոչ, բայց հայտարարությունը համայնքային պաշտոնյայի շուրթերից հնչել է:




Լրահոս