ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց. «Որեւէ բան պետք չի բացառել: Այո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ այլ կուսակցություններ ընտրակաշառքներ են բաժանել, եւ, այո, միգուցե այդ դեպքերը եւս ի հայտ գան»:
-Պարո՛ն Հակոբյան, ըստ տեղեկությունների՝ առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարան է գալու՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները, արդյոք քաղաքական որոշում կա՞ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու:
-Ոչ, այդպիսի քաղաքական որոշում չկա, խոսվում է, թե դատախազը հարցը կբերի Ազգային Ժողով: Եթե դատախազը այդ հարցը բերի խորհրդարան, ապա մենք կծանոթանանք գործին: Եթե բերի, ես որեւէ նման տեղեկություն չունեմ, տեղյակ չեմ, կծանոթանանք գործին, կանենք մեր որոշումները: Այս պահին որեւէ նման որոշում չկա, քաղաքական որոշում չկա:
– Դուք կարծում եք, որ քրեական գործի ապացուցողականությունը թույլ է, ինչի համար, հնարավոր է, դատախազը նման քայլի չդիմի՞:
-Ես չգիտեմ, ես որեւէ տեղեկություն չունեմ, մամուլում տեղեկություններ կան, որ դատախազը գալու է ԱԺ, բայց ես որեւէ այլ ինֆորմացիա չունեմ: Հավատացեք, ես չեմ կարող այլ բան ասել, քանի որ ես որեւէ տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել՝ գալու է, չի գալու:
-ԲՀԿ-ն հայտարարում է, որ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում ԲՀԿ առաջնորդի նկատմամբ, քանի որ վերջինս պահանջել է կառավարության 100 տոկոս հրաժարականը: Ինչո՞ւ գնացիք նման քայլի:
-Ոչ, սա քաղաքական հետապնդում չէ, մեր իշխանության օրոք որեւէ քաղաքական հետապնդում չկա, չի եղել ու չի էլ լինելու, սա քրեական գործ է, հանցագործության մասին հերթական քրեական գործն է հարուցվել: Այն, ինչը ուզում են կապել նրա հետ, թե դա արվել է իրենց հայտարարությունից հետո այս գործն ի հայտ եկավ, ասեմ, որ գործին ծանոթանալուց հետո հանրություն էլ կհասկանա, թե գործը երբվանից է սկսված՝ կան ամիս-ամսաթվեր, մարդիկ կհասկանան, թե որը որի հետ է կապված: Այդ ժամանակ պարզ կլինի՝ իրենց հայտարարությունն է կապված քրեական գործին, թե քրեական գործն է կապված հենց հայտարարության հետ:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ ԲՀԿ առաջնորդը տեղյակ է եղել, թե ինչ քրեական գործեր են առաջադրվելու, ինչի համար հանդես է եկել նման հայտարարությա՞մբ:
-ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցված քրեական գործից տեղյակ լինելով՝ նրանք հանդես եկան քաղաքական հայտարարությամբ, որպեսզի հետագայում հայտարարվեր, թե սա քաղաքական հետապնդում է: Ու դա միայն իմ կարծիքը չէ, շատերն են այդ դիրքորոշումը հայտնում: Ես կրկնում եմ, որ պետք է նայել այն ամսաթվերը՝ երբ է սկսվել այդ գործերի քննությունը ու հարուցումը:
-Իսկ ինչո՞ւ այս քայլին Ձեր իշխանությունները չեն գնացել 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, ինչո՞ւ եք հիմա այդ քայլին դիմել:
-Հեղափոխությունից հետո են ի հայտ եկել որոշ քրեական գործեր, դա պարզապես ժամանակատար աշխատանք էր, իսկ այդ աշխատանքն արվել է այս ընթացքում ու հասել է կոնկրետ փուլի: Սխալ են այն հայտարարությունները, թե որեւէ բան չի արվել հեղափոխությունից հետո, սրանք շատ երկար պրոցեսներ են, որոնք իրականացվել են, այժմ եկել է այս փուլը:
-Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւս ընտրակաշառք են բաժանել համապետական տարբեր ընտրությունների ժամանակ: Ենթադրել կարելի՞ է, որ իրենք եւս հայտնվելու են այս կարգավիճակում:
-Որեւէ բան պետք չի բացառել: Այո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ այլ կուսակցություններ ընտրակաշառքներ են բաժանել, եւ, այո, միգուցե այդ դեպքերը եւս ի հայտ գան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ
Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը երկու տեսանյութ էր հրապարակել՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության հետ: Խուզարկության ժամանակ գտնվել են նաեւ փաստաթղթեր, որտեղ պատգամավորները հավատարմության երդում են տալիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, թե պատրաստ են անգամ մանդատը վայր դնել, եթե համապատասխան թվով ձայներ չբերեն:
Այդպիսի դիմում հրապարակվել էր նաեւ Սերգեյ Բագրատյանի մասով: Վերջինս, սակայն, ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իր անձի հետ կապված տեղեկությունները կեղծ են: «Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան»,- նշեց նա: Ամեն դեպքում, պատգամավորը դժվարացավ ասել, թե որտեղից են գտնվել այդ փաստաթղթերը՝ ասելով, թե տեղյակ չեն անգամ տարածքային կառույցները:
«Ես հարցրեցի, ասեցի՝ որտեղից կարող են լինել այդպիսի թղթեր, ինձ ասացին, որ տարածքային կառույցներում մարդիկ են եղել, որոնք ամեն մեկի անունից ներկայացրել են իբրեւ թե, սակայն տարածքային պատասխանատուները տեղյակ չեն: Դա իմ ստորագրությունը չէ, ես դիմելու եմ դատարան՝ հասկանալու համար, թե ոնց է եղել: Այդ ստորագրությունը կեղծված է», – հավելեց նա: Անդրադառնալով 2017 թվականին այդպիսի սկանդալին, երբ կրկին մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ էին շրջանառվել, պատգամավորը նշեց՝ եթե այդպիսի բան լիներ, ինքը այժմ պատգամավոր չէր լինի: «Ես չգիտեմ՝ ինչ ձեւով են դրանք առգրավվել, բայց ես վստահ պնդում եմ՝ կարճ ժամանակում դիմելու եմ դատարան: Ով արել է, պետք է պատասխան տա»:
Հրապարակված թղթերից մեկում էլ շոշափվում էր Նաիրա Զոհրաբյանի անունը, որը երդվում էր անգամ իր դստեր անունով: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց. «Իմքայլական պատգամավորները, իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե»՝ տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային, ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ: Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է, եւ եթե չալարեմ, երեւի դիմեմ հայրենի միլիցիային: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը ԽԹծ-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստ: Նշենք, որ օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր: Ըստ այդ փոփոխությունների՝ շահութահարկ վճարողները կազատվեն 2020թ. 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Նշենք, որ այս հարցով վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։ Բացի այդ, պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնում է, որ նախագծով ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։ Նկատենք, սակայն, որ այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։ Այսինքն՝ տնտեսվարողներն այլեւս ստիպված չեն լինի ամեն տարի մինչեւ մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։ Պատգամավորը նկատում է, որ այս նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետեւանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հավելենք, որ նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսվում է իրականացնել 24-ժամյա ռեժիմով, այսինքն՝ մինչեւ հունիսի 20-ը օրենքը ընդունված ու ստորագրված կլինի։
ՍԻԳԱՐԵՏԸ ՀԱՆԳՑՐԵԼ Է ԴԵՄՔԻՆ
Անցած շաբաթ տեղի ունեցած Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի «Տորպեդո»-«Դիլիջան» խաղը սկանդալային ընթացք է ունեցել: Բանն այն է, որ, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, բախում է գրանցվել ՀՖՖ կողմից հաստատված խաղի տեսուչի եւ «Դիլիջան» ակումբի գործադիր տնօրենի միջեւ, որի ընթացքում տեսուչն իր ձեռքում գտնվող, ծխացող սիգարետը հանգցրել է տնօրենի դեմքին։ Այս պահվածքը ցնցել է ֆուտբոլային հանրությանը, եւ շատերը սկսել են խոսել ոլորտում առկա ամենաթողության եւ անկազմակերպվածության մասին։ Բանը հասել է նրան, որ բարձրագույն խմբի ակումբների մի մասի մոտ ցանկություն է առաջացել դուրս գալ ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնությունից ու հիմնել պրոֆեսիանալ լիգա, քանզի գնալով ավելի դժվար է դառնում ֆեդերացիայի չինովնիկների հետ աշխատելը։ Ոլորտից քաջատեղյակ մեր աղբյուրները պնդում են, որ շշուկներ կան՝ իբր, ֆեդերացիան ունի նաեւ ֆինանսական խնդիրներ, եւ բանը հասել է այնտեղ, որ քննարկվել է Հայաստանում աշխատող իսպանացի մասնագետների ֆինանսավորման վերանայման հարցը։