ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելուն: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված եւ վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց։
Կազմակերպված խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10?000 ՀՀ դրամ», – նշվում է հաղորդագրությունում։
Եվ Դատախազությունը շարունակում է, որ կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի եւ կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։ Բացի այդ, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154?2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին:
Այսպիսի դիմումը պարտադիր բնույթ է, քանի որ Ծառուկյանը պատգամավոր է, եւ քրեական հետապնդման համար նրան նախ պետք է զրկեն անձեռնմխելիությունից: Ընդ որում, ընդգծենք՝ նա զրկվում է միայն անձեռնմխելիությունից, ոչ թե նաեւ պատգամավորական մանդատից: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը չի մասնակցի Ազգային ժողովի նիստին: «ԱԺ կանոնակարգ» օրենքը նաեւ թույլ է տալիս, որ այդ նիստը տեղի ունենա առանց այդ պատգամավորի մասնակցության:
Մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի 108-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը.
- Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
- Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետեւյալ կարգով.
1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.
մտքերի փոխանակություն.
միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:
- Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
- Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
- Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է անհապաղ»:
Եվ, ահա, այսօր խորհրդարանում տեղի կունենա այդ հարցի քննարկումը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեության քննարկումից հետո:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Նշենք, որ մինչ այս օպերատիվ վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Տիրան Խաչատրյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատվելով օպերատիվ գխավոր վարչության պետի պաշտոնից:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է 2020թ. փետրվարից կատարված աշխատանքները՝ նշելով, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացվել են հեռավար տարբերակով: Նա ընդգծել է, որ մանրամասն քննարկումներ են ծավալվել վարչապետի նշած առանցքային հարցերի շուրջ՝ քաղաքացի-պետական ինստիտուտներ օրգանական կապի վերականգման տրամաբանության ներքո: Դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը: Հանձնաժողովը շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, ակնկալվում է մինչեւ 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:
ԿՀԱՆԴԻՊԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Երեկ ՀՅԴ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել 5 կուսակցությունների ղեկավարների միջեւ: Armlur.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումը ներկա է եղել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Արա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս մեզ փոխանցեց, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, եւ քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը եւս հաստատեց հանդիպման փաստը՝ հավելելով. «Քննարկել ենք ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր, կա ընդհանուր փոխըմբռնում, առաջիկայում կլինի էլի հանդիպումներ: Եթե ունենանք վերջնական որոշում, հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»: Մեր հարցին, թե արդյոք Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ երեկ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությունից հետո, վերջինս ասաց. «Դեռ ոչ, բայց պատրաստվում եմ հանդիպել, դեռեւս հստակ պայմանավորվածություն չկա հանդիպման ժամի եւ վայրի մասին:
ԽՈՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստին։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին: «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա. կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների եւ խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից: Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, եւ ես ակնկալում եմ դրանց դատապարտումը տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»: