«ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՀՀ բոլոր մարզպետների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը:
Ներկայացված հայտարարագրերի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը ոչ մի անշարժ գույք չունի, համենայնդեպս այդ մասին տվյալ հայտարարագրում առկա չէ: Դրա փոխարեն մարզպետն ունի 2015 թվականի արտադրության VOLVO մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք էր բերել դեռ 2014 թվականին: Այսինքն՝ 2019 թվականին նա ավտոմեքենա չի գնել: Սակայն հետաքրքիր են նրա դրամական միջոցների մասին տվյալները, մասնավորապես՝ մարզպետը բանկում ունի 10 մլն դրամ եւ 7 հազար դոլար: Ընդ որում, տարվա սկզբում նա բանկային հաշիվների վրա ունեցել էր 3 մլն դրամ: Իսկ, ահա, որպես կանխիկ՝ մարզպետը տարվա սկզբին ունեցել էր 95 հազար դրամ եւ 17 դոլար, իսկ տարվա վերջին՝ 231 հազար դրամ եւ 834 դոլար: Ուշագրավ է, որ որպես շահերի բախում մարզպետը ներկայացրել է «ԲԻԶՆԵՍ ՔԱԼՉՐ» ՍՊԸ-ն, որի հավատարմագրային կառավարիչը Եվգենիա Ասրիյանն է: Եվ հետաքրքիր է, որ կայքում տեղադրված է միայն մարզպետի հայտարարագիրը, նրա ընտանիքի անդամներից ոչ մեկինը տեղադրված չէ:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հայտարարագրի համաձայն, համատեղ սեփականությամբ ունի անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: Հայտարարագրի համաձայն՝ նա չունի տրանսպորտային միջոց եւ ոչ էլ ձեռք է բերել: Մարզպետի բանկային հաշիվներում տարվա ավարտին եղել է 859 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 180 հազար դրամ:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարագրել է մեկ բնական Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, 2019 թվականին շարժական եւ անշարժ գույք ձեռք չի բերել: Տվյալների համաձայն՝ նա բանկային հաշիվներում ունեցել է 2 մլն 155 հազար դրամ, իսկ որպես կանխիկ գումար՝ 2 հազար դոլար եւ 2 մլն 300 հազար դրամ:
Չնայած Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 2019 թվականին շարժական կամ անշարժ գույք չի գնել, սակայն նա 2019 թվականի դրությամբ ունի 1 անհատական բնակելի տուն եւ 2 հողամաս: Երեք շինությունն Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում է, իսկ տունն էլ ստացել է որպես ժառանգություն: Նա մեքենա եւս չի գնել, սակայն ունի 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Հետաքրքիր է, որ մարզպետը տարվա սկզբում իր հաշվին ունեցել է 469 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 653 դրամ: Իսկ, որպես կանխիկ գումար, նա հայտարարագրել է 1 մլն 400 հազար դրամ եւ 70 հազար ռուբլի:
Հայտարարագրի համաձայն՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 4 անշարժ գույք, որից երեքը՝ Լոռու մարզում, իսկ մեկ բնակարանը՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: Նա մեքենա չի գնել, բայց ունի 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Մարզպետը բանկում գումար չի ունեցել, իր ամբողջ գումարը՝ 7 մլն դրամ, նա կանխիկ է պահում:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարագրի համաձայն, ունի 3 անշարժ գույք, որից երկուսը՝ բնակարան, մեկը՝ հողամաս: Ընդ որում, 2019 թվականին մարզպետը Արաբկիր վարչական շրջանում գնել է 51 մլն դրամ արժողությամբ բնակարան եւ 17 մլն դրամով վաճառել Աբովյանում գտնվող բնակարանը: Մարզպետը մեքենա չի գնել, սակայն ունի 2004 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Ռոմանոս Պետրոսյանը բանկային հաշիվներում ունեցել է 1 մլն 922 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 850 հազար դրամ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրի քաղաքում 2019 թվականին գնել է 19 մլն դրամ արժողությամբ բնակարան: Նա ունի նաեւ TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել էր 2017 թվականին: Մարզպետը բանկում ունեցել է 305 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 2 մլն դրամ:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, հայտարարագրի համաձայն, չունի շարժական եւ անշարժ գույք, ոչ էլ ձեռք է բերել 2019 թվականի ընթացքում: Բանկում մարզպետն ունեցել է 796 հազար դրամ, 6920 դոլար, իսկ կանխիկ՝ 12 մլն դրամ եւ 8 հազար դոլար:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը եւս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 6 մլն 870 հազար դրամ: Սակայն ուշագրավ է, որ նա 2019 թվականի համար որպես եկամուտ հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ՝ տարբեր գումարների չափով:
Իսկ, ահա, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը չունի անշարժ գույք, ձեռք չի բերել, սակայն ունի 2006 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին: Մարզպետն առձեռն ունեցել է 10 մլն դրամ, իսկ բանկում՝ 737 հազար դրամ: Որպես շահերի բախում հանդիսացող ընկերություն մարզպետը նշել է «ՖՐԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն, որից 2019 թվականին ստացել է 448 հազար դրամ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին եւ նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: Մեզ հայտնի դարձավ, որ կարգելվի ՀՀ տարածք ներմուծված այն չափման միջոցների շահագործումը, որոնք ներառված են ՀՀ կառավարության՝ 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշմամբ հաստատված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում, բայց չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին: Ի դեպ, այս դեպքում պատասխանատվության միջոցներ կկրառվեն չափման միջոց ներմուծող կազմակերպությունների նկատմամբ:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքային բյուջե: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Այսինքն՝ այս օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով. համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսը կուղղվի համայնքային բյուջե: Պարզվում է, որ 2009-2011 թվականների ընթացքում պետական բոլոր հողերն ընդգրկվել են համայնքների վարչական տարածքներում՝ այդ հողերի կառավարման գործառույթը փոխանցելով համայնքների ղեկավարներին: Ճիշտ է, պետական հողերի օտարման գործընթացն իրականացնում է համայնքի ղեկավարը, այդ ընթացքում առաջանում են ֆինանսական ծախսեր, բայց օտարումից ստացված միջոցներից համայնքին որեւէ մասհանում չի կատարվում, ինչը համայնքապետերի մոտ մտահոգություններ ու դժգոհություններ է առաջացրել: Այսպես, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում վստահ են, որ այս ամենի արդյունքում համայնքային իշխանությունը կկարողանա ինքնուրույն իրակնացնել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհների, մանկապարտեզների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:
Նյութերը՝ Ս.Հ.
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԸ՝ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղը 2016թ. սեպտեմբերից մաս է կազմում Խոշորացված Այրում համայնքի: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ Բագրատաշենում գտնվող բազմաբանակարան շենքերից մեկը՝ երկհարկանի կառույց, գտնվում է վթարային վիճակում: Շենքը կառուցվել է 1960-ական թվականներին: Այնտեղ բնակարանային տարածք ունի 7 ընտանիք, սակայն բնակարանների տերերի մի մասը ներկայումս բնակվում է արտերկրում, շենքում այժմ փաստացի բնակվում է 3 ընտանիք: Շենքի բնակարանները սեփականաշնորհված են, հանդիսանում են այնտեղ բնակվողների սեփականությունը: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ այդ շենքում բնակվողները սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքներ են, նրանց մեջ կան առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք: Տարիներ շարունակ շենքի տանիքի ծածկի ազբոշիֆերի ծածկը վնասված է, բնական տեղումներից հետո ջուրը վնասված կտուրից լցվել է տանիք եւ վնասել շենքի պատերը: Բազմաբնակարան շենքի արտաքին պատը, որ կառուցված սրբատաշ քարից, կանգուն է, սակայն շենք լցվող անձրեւաջրերի պատճառով շենքի կողային պատերից մեկը քանդվել է: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ շենքի բնակիչները շարունակում են բնակվել վթարային շենքում: Այրումի համայնքապետարանը պատրաստ է վթարային շենքի վերանորոգման գործին աջակցել շինանյութով, սակայն շենքի տանիքը փոխելու, շենքը հիմնանորոգելու համար ֆինանսական հնարավորություններ չունի: Այրումի համայնքապետարանը վթարային շենքի խնդրի կապակցությամբ դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը շարունակում է իր բնականոն գործունեությունը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կենտրոնի աշխատակիցները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացրել են նաեւ Բագրատաշենի սահմանային անցակետում: Բժշկական կենտրոնը կարիք ունի երիտասարդ բժիշկների: Կենտրոնի բժիշկների մի մասը բարձր տարիք ունի, կենտրոնին հարկավոր են երիտասարդ կադրեր: Նոյեմբերյանի հիվանդանոցին հարկավոր են անզգայացնող բժիշկ, սրտաբան, աչքի բժիշկ, մաշկավեներոլոգ: Նոյեմբերյանի տարածաշրջանից սերված, բժշկական բուհեր ավարտածները գերադասում են մնալ, աշխատել Երեւանում, իսկ մայրաքաղաքից եւ հանրապետության այլ վայրերից չեն մեկնում հեռավոր, սահմանամերձ Նոյեմբերյան, որպեսզի այնտեղ բժիշկ աշխատեն, մանավանդ որ նեղ մասնագետ բժիշկների աշխատավարձը բարձր չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ