ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Տերյան 44 հասցեում գտնվող Հասարակական խորհրդի աշխատավայրում (Տերյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք):

Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դիմում-բողոքները Հասարակական խորհրդի աշխատավայրում ընդունվում են աշխատանքային օրերին: Դիմումները պետք է հասցեագրվեն հանձնաժողովի նախագահին` պարտադիր նշելով դիմողի անունը եւ ազգանունը, հաշվառման հասցեն, ինչպես նաեւ հեռախոսահամար (ներ) հետադարձ կապի համար: Դիմում-բողոքները կարելի է ուղարկել նաեւ փոստով: Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ է.

դիմում-բողոքը գրել տանը, դիմում-բողոքն առձեռն հանձնելիս Հասարակական խորհրդի աշխատավայր այցելել միայնակ, կրել պաշտպանիչ դիմակ եւ ձեռնոցներ:

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող մեկ անձ: Հանձնաժողովը քաղաքացիների ընդունելություններ չի կատարելու:

 

 

1.3ՏՐԻԼԻՈՆԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄՆԵՐ

Հայկական բանկերը մոտ 1.3 տրիլիոն դրամի չափով վարկային վճարումներ են հետաձգել: Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական բանկի 2019 թվականին գործունեության տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով՝ այդ վարկերի մասով ընդհանուր մոտ 100 միլիարդ դրամի վճարումներ են հետաձգվել: Հետաձգում է ստացել շուրջ 550 հազար ֆիզիկական եւ մոտ 17.4 հազար իրավաբանական անձ: Գալստյանը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը դեռ մարտին էր սատարել բանկերի այդ որոշումը՝ հայտարարելով, որ հետաձգումները չեն ազդի վարկառուների վարկային պատմության վրա: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն՝ բանկերը խնդրահարույց վարկերի շոշափելի աճ չունեն:

 

 

3 ՕՐՈՎ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա, ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, երեկ 3 օրով կասեցվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը: Տեսչական մարմինը այսօր նաեւ կրկնակի ստուգայցեր է իրականացրել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման թերացումներ: Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ թերացումների մեծ մասը արդեն վերացված են: ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն:

 

 

67 ՀԻՎԱՆԴ

Հունիսի 15-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 11 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3002 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1679 նմուշառման հետազոտություն։

 

 

ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ

Աշխարհում մեկ լիտր բենզինի միջին գինը, հունիսի 8-ի տվյալներով, կազմել է 457 դրամ: Ի դեպ, տարբեր երկրներում այն տարբեր գին ունի: Ամենաէժան բենզինը Վենեսուելայում է՝ 9 դրամ, իսկ ամենաթանկը Հոնկոնգում է՝ 1056 դրամ: Վերջին ամիսներին նավթամթերքն այնքան է էժանացել, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր Հայաստանում վաճառվում է 280 դրամով, մինչդեռ այն տարեսկզբին մինչեւ 410 դրամ էր։

Օրինակ, Սաուդյան Արաբիայում բենզինի մեկ լիտրը արժե 105 դրամ, Իրանում՝ 40 դրամ, Քաթարում՝ 139 դրամ, Քուվեյթում՝ 165 դրամ: Ադրբեջանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 227 դրամ:

Ի դեպ, բենզինը տարբեր գին ունի նաեւ Եվրաստիական տնտեսության միության անդամ երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը 324 դրամ է, Ղրղզստանում՝ 240 դրամ, Բելառուսում՝ 363 դրամ, Ղազախստանում՝ 211 դրամ, իսկ Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 280 դրամ է, պրեմիումը՝ 300 դրամ:   Նկատենք, որ հարեւան Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը 309 դրամ է:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս մայիսին, ապրիլի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է բենզինի 9.8 եւ դիզելային վառելիքի 15.4 տոկոս գնանկում: Մեկ տարվա ընթացքում բենզինի գինը նվազել է 31.1 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 31.8 տոկոսով։

Բայց, մյուս կողմից, բենզինի գնի նվազմամբ պայմանավորված՝ լուրջ մրցակցություն է սկսել գազալցակայանների եւ բենզալցակայանների միջեւ։ Վարորդների գերակշիռ մասը գերադասում է ավտոմեքենան լիցքավորել բենզինով, այլ ոչ բնական սեղմված գազով, սակայն որոշ մասնագետներ կանխատեսում են՝ նշելով, որ այս տարեվերջին բենզինի գինը կբարձրանա մինչեւ 350 դրամ, եթե աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիք չլինի։

Ս.Հ.

 




Լրահոս