Վերջին շրջանում ժողովրդական երգերի կատարող Վարդան Բադալյանն այնքան էլ հաճախ հեռուստաէկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը երգչից պարզել է, թե որն է պասիվության պատճառը, ինչով է այս ժամանակահատվածում զբաղված նա:
-Վարդա՛ն, ինչո՞վ եք զբաղվում, Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պասիվությունը հայկական երգարվեստում: Ի՞նչ նորություններ ունեք:
-Անկեղծ ասած, այս ժամանակահատվածում ոչ մի բանով չեմ զբաղվում, սպասում ենք, տեսնենք, թե երբ կավարտվի այս անորոշ իրավիճակը, որ կարողանանք անցնել մեր գործին: Նոր ծրագրեր շատ կան, բայց իրավիճակի պատճառով դեռ ոչինչ ասել եմ կարող, չգիտեմ, թե ինչքան կարող է սա երկարաձգվել: Ակտիվությունը միայն տեսահոլովակներով կամ շատ հեռուստաեթերներով երեւալով չէ: Ամեն դեպքում, ես իմ գործն անում եմ: Ամբողջ տարվա ընթացքում շատ հյուրախաղեր եմ ունենում տարբեր երկրներում հայ հանդիսատեսի եւ ոչ միայն: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ կարողանում եմ օտարազգիներին ներկայացնել մեր մաքուր հայկական երաժշտությունը:
-Ազգային, ժողովրդական երգիչները վերջին շրջանում հանդես են գալիս ավելի ժամանակակից գործիքավորմամբ կամ նման համագործակցություններով, ինչը Ձեզ մոտ չենք նկատում: Դժվար չէ՞ հավատարիմ մնալ ազգային երաժշտությանը այս ժամանակակից երաժշտական դարում:
-Ես ընդհանրապես դեմ չեմ նորովի գործիքավորումներին, մատուցման ձեւերին, բայց միայն թե չաղավաղվի: Այսինքն` որքան հնարավոր է փորձել պահպանել ստեղծագործողի գաղափարը, թե նա ինչպես է պատկերացրել երգը, եւ ամենակարեւորը՝ մեղեդին չաղավաղվի, բնօրինակի շունչը չկորցնի: Այսօր դա ընդունված բան է, բայց ինձ համար ավելի շատ վատ տարբերակներն են, քան լավ:
-Երաժշտական ճաշակ ասվածն ի՞նչ է Ձեզ համար: Ե՞րբ է այն ձեւավորվում մարդու մեջ:
-Երաժշտական ճաշակը ձեւավորվում է դեռ շատ մանկուց, նույնիսկ դեռ նորածին ժամանակվանից, որը կարող ենք զարգացնել գիտելիքով: Ես առաջնորդվում եմ հոգով, երգում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս, եւ կարողանում եմ լավ կատարել: Իհարկե, պետք է նայել նաեւ հանդիսատեսի պահանջարկին, հանդիսատեսի կարծիքն էլ հաշվի առնես, եւ ինչ-որ մի կոմպրոմիսային տարբերակ գտնես: Բայց այն, ինչը-որ ես երգում եմ, պարտադիր չէ, որ դա բոլորը լսեն:
-Ձեզ համարո՞ւմ եք շոու-բիզնեսի «աստղերից» մեկը:
-Բնականաբար, ես ինձ աստղ չեմ համարում եւ երբեք էլ չեմ համարել, եւ Աստված չանի, որ ինձ օրերից մի օր «աստղ» համարեմ: Ես մարդ եմ, ով զբաղվում է իր սիրած աշխատանքով: Կան մարդիկ. ովքեր սիրում, լսում են, եւ կա նաեւ հակառակ տարբերակը, ինչին ես շատ նորմալ եմ վերաբերվում: Ինձ համար շատ քիչ «աստղ» կա, եւ նրանք հաստատ Հայաստանում չեն ապրում, եւ չեմ ուզում վիրավորել իմ կոլոգաներին:
-Վարդա՛ն, ի՞նչ չիրականացված երազանքներ, նպատակներ ունեք:
-Շատ-շատ չիրականացած նպատակներ, երազանքներ ունեմ, երեւի թե քիչ-քիչ կփորձեմ իրականացնել: Վերջերս շատ երազում եմ բարձրանալ Արարատ լեռը: Կարծում եմ՝ մոտ ապագայում երազանքս կիրականացնեմ:
-Ո՞վ է Ձեր ամենակարեւոր խորհրդատուն, ո՞ւմ խոսքը Ձեզ համար կշիռ ունի:
-Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ կարող են լինել՝ իմ ընկերները, ընտանիքիս անդամները, կինս, ընդհանրապես լսում եմ բոլորի կարծիքները, որից հետո ձեւավորում եմ իմ սեփականը:
-Ո՞րն է Ձեր կարգախոսը:
-Ամենակարեւորը՝ մարդն իր գործի մեջ ունենա իր տեսակը, որով կարող է տարբերվել եւ, իհարկե, մարդ մնալ ամեն ժամանակահատվածում:
-Այսօր երգիչ-երգչուհիները բողոքում են, որ մնացել են անգործ կորոնավիրուս համաճարակի պատճառով: Ձեզ մոտ ի՞նչ վիճակ է:
-Միայն մեր ոլորտի ներկայացուցիչների համար չէ դժվար, այլ բոլորի. կա՛մ զրկվել են աշխատանքից, կամ կիսով չափ են աշխատում: Սա մի պատերազմ է, որին պետք է բոլորս մասնակցնեք եւ հաղթնեք: Բողոքողներին հասկանում են, երկու կողմն էլ ճիշտ են, բայցեւայնպես պետք է բոլորս միասին պայքարենք:
-Որքանո՞վ է ազդել Ձեր կյանքի որակի վրա այս համաճարակը:
-Միեւնույնն է, վաղը մյուս օրն այս ամեն ինչը վերջանալու է, եւ շատ կարեւոր է, որ մենք փոխված նոր աշխարհում մեր տեղը գտնեն, դա կլինի արվեստի մեջ կամ այլ ոլորտներում: Կարծում եմ՝ մեկ տարի հետո աշխարհը լրիվ փոխվելու է, ուրիշ է լինելու, ինչը ազդելու է կյանքի որակի վրա լավ, թե վատ կողմերով:
-Վարդա՛ն, եւ մեր վերջին հարցը՝ հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող իրադարձություններին, եւ ինչպե՞ս եք գնահատում այս օրերին կառավարության կատարած աշխատանքը:
-Միանշանակ հետեւում եմ, գնահատական տալ, իհարկե, չեմ կարող, հանրության շրջանում մի մասը գոհ է, մի մասը՝ դժգոհ, ի վերջո, ժամանակը կտա իր ճիշտ պատասխանը:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԱՅՍ ԻՏԱԼԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ». ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ
Մարդիկ պետք է գոնե մի 20 օր շատ խիստ հետեւեն անվտանգության կանոններին, ու դրանում պետք է օգնեն բոլորհեռուստատեսություններն՝ անընդհատ իրազեկելով, իրավիճակը ներկայացնելով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ Արթուր Իսպիրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համաճարակին ու դրա կանխարգելման միջոցառումներին:
«Ես լիահույս եմ, որ շատ շուտով այս համաճարակը կհաղթահարենք: Մեր ազգն այնպիսի դժվարությունների միջով է անցել, սա ի՞նչ է, որ սրա միջով չանցնի: Մոռացել եք 90-ական թվականները, թե ինչերի միջով ենք անցել: Կարծում եմ՝ սա այնպիսի բան է, որ կախված չէ պետությունից, այլ կախված է անհատներից, ամեն մեկն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն եւ մասնակցի այս պայքարին, հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել: Այս իտալական մոտեցումը, որ մեզ վիրուս չի կպնի, գնանք մի հատ կոֆե խմենք, սա սխալ է: Բոլոր հեռուստեսությունները, ռադիոները պետք է մոռանան դիմություն, ընդդիմություն եւ միանան մարդկանց սթափեցնելու գործին»,-ընդգծում է նա:
Հարցին` արդյոք գոհացնում է համաճարակային այս օրերին Երեւանի մաքրությունն ու աղբահանությունը, նա պատասխանել է. «Այս պարագայում ես հիմա մեծ շնորհակալություն եմ հայտնում աղբահանության աշխատակիցներին, քանի որ արդեն քանի ամիս է՝ այս ճգնաժամի մեջ լարված պայմաներում աշխատում են: Ես հետեւում եմ ու կարող եմ ասել, որ շատ լավ են աշխատում: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի պահպանեն սանիտարահիգիենիկ մաքրության պայմանները, նամանավանդ շինանյութի աղբը տանից դուրս հանել, ինչպես կարգն է, ոչ թե բերել լցնել սովորական աղբամանների մեջ, եթե անգամ մի օրվա ընթացքում երեք անգամ տանեն թափեն, էլի քիչ կլինի, չի մաքրվի: Դա նկատվում է հատկապես նորակառույց շենքերի տարածքում: Այսինքն` մարդիկ հազարավոր դոլարներ ծախսում են իրենց բնակարանները նորոգելու համար, բայց մի քանի հազար դրամ խնայում են, որպեսզի կանչեն համապատասխան մեքենաներ իրենց աղբը հեռացնելու համար»:
Ըստ մեր զրուցակցի՝ շինանյութ թափելը մեր աղբահանության աշխատակիցների գործի մեջ չի մտնում:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է մարզական կարիերան շարունակել իր նախկին ակումբում՝ «Մանչեսթեր Սիթիում»: 20-ամյա կիսապաշտպանը պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, եթե ակումբը բավարարի Սանչոյի ֆինանսական պահանջները: Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել Լա Լիգայի 28-րդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը:«Դե Յոնգն ինքը խնդրեց փոխարինել իրեն: Նա ցավեր ուներ ծնկի շրջանում: Հուսով եմ, որ որեւէ լուրջ վնասվածք նրա մոտ չի հայտնաբերվի: Դե Յոնգը բուժզննում կանցնի, որից հետո ակումբը հայտարարություն կտարածի նրա վնասվածքի վերաբերյալ»,- Սետիենի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը: Հոլանդացի ֆուտբոլիստը փոխարինվել է «Մալյորկայի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին: «Բարսելոնան» հաղթանակ է տարել «Մալյորկայի» նկատմամբ 4:0 հաշվով:
ԽՈՍԵԼ Է ԱԿՈՒՄԲԱԿՑԻՑ
Իտալական «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է իր ակումբակից, բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի մասին: «Մերտենսն իսկական մարդասպան է: Շատ ուրախ եմ նրա գրանցած հաջողության համար: Նա իսկական առաջատար է»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Կուլիբալին: Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերի» դարպասը խփած գոլի շնորհիվ Դրիս Մերտենսն առաջ անցավ սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկից (121 գոլ) եւ դարձավ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ 122 գոլ։ 33-ամյա Դրիս Մերտենսը «Նապոլի» է տեղափոխվել 2013 թվականին հոլանդական ՊՍՎ-ից: