Ծառուկյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի. ե՞րբ կանցկացվի դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը: Սակայն նա նշեց, թե կալանքի քննության նիստի ժամը դեռ հայտնի չէ: Փաստաբանը մեզ հետ զրույցում նկատեց, թե գործի հետ կապված նյութերը բավական ծավալուն են՝ մոտ 185 էջից բաղկացած եւ Ծառուկյանի փաստաբանական կողմին ժամանակ է պետք՝ դրանց ծանոթանալու համար: Փաստաբանը չբացառեց՝ միգուցե միջնորդությամբ հանդես գան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրվի դրանց ծանոթանալու համար եւ նիստն ավելի ուշ անցկացվի:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում  փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը:

Բացի 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործից, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Ծառուկյանին առնչվող ևս երկու գործի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ Իսկ մյուսը Առինջի պաշտոնատար անձանց գործողություններին է վերաբերում։ Այս դեպքում նրանք, ըստ ԱԱԾ-ի, պետությանն էական վնաս են պատճառել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Ծառուկյանին պատկանող ֆիրմա «Նյու» ՍՊԸ-ի կողմից օգտագործվել է որպես արդյունաբերական նշանակության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 380 միլիոն դրամի կամ 804 հազար դոլարի վնաս։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս