ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործում առկա փաստերը եւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ կապված դրվագները, ենթադրվում է, որ Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանավորումը:
Armlur.am-ը հայտնել էր, որ նրան կալանավորելու հարցը քննարկվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Նշենք, որ քրեական գործում շոշափվում է նաև «Մուլտի գրուպ»- ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը, որոնք կապ ունեն ԲՀԿ- ի կողմից ընտրողներին կաշառք բաժանելու հետ:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն քննեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազության միջնորդությունն ու ազատությունից զրկելու միջնորդագիրը, ապա քվեարկությամբ հաստատեց։ Գագիկ Ծառուկյանը երեկ և այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում։
Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը:
Բացի 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործից, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Ծառուկյանին առնչվող ևս երկու գործի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ Իսկ մյուսը Առինջի պաշտոնատար անձանց գործողություններին է վերաբերում։ Այս դեպքում նրանք, ըստ ԱԱԾ-ի, պետությանն էական վնաս են պատճառել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Ծառուկյանին պատկանող ֆիրմա «Նյու» ՍՊԸ-ի կողմից օգտագործվել է որպես արդյունաբերական նշանակության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 380 միլիոն դրամի կամ 804 հազար դոլարի վնաս։
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.