ՖՈՏՈ․ Մի բան կար ներսումս կրծող, անհանգստացնող․ Էվելինա Շահիրյանը ծննդյան տարեդարձի եւ իր ապրումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն էր։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էվելինա Շահիրյանը կիսվել է իր ապրած կյանքի, զգացողությունների, կին լիելու իր բանաձեւի մասին:
«Այսպիսի տարեդարձ երբեք իմ կյանքում չի եղել, երբ իմ զավակներին ասեի, որ ոչ մեկդ չպետք է գաք, եւ իմ կողքը չպետք է լինեք, բայց, այնուամենայնիվ , տղաս ու աղջիկս եկան, եւ այդպես ընտանիքով նստեցինք սեղանի շուրջ, սովորական, անվտանգության բոլոր կանոննորը պաշտպանելով: Իհարկե, շատ դժվար էր, քանի որ ինչ-որ մի բան ներսումս կար կրծող, անհանգստացնող, եւ չգիտեմ, մարդ ինչքան պետք է անզգայուն լինի, որ այս իրավիճակը նրա վրա չազդի: Տխուր է, չնայած, որ ես իմ բնավորությամբ շատ լավատես եմ, բայց ամեն դեպքում զգայական զգացողությունները թույլ չեն տալիս՝ այս ամենի մասին  չմտածեմ, չհուզվեմ, քանի որ մեր աշխատանքն այնպիսի աշխատանք է, որ ուզում ենք աշխատել, բեմ դուրս գալ։ Այսպես միանգամից փակվելը սարսափելի է: Ամեն դեպքում լիահույս եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը»,-նշում է դերասանուհին:

Անդրադառնալով 79-ամյակին ու իր զգացողություններին՝ նա ընդգծում է, որ համամիտ չէ այն տարածված կրածիքի հետ, թե տարիքի հետ է մարդ իմաստություն է ձեռք բերում:

«Եթե ուղեղ ունես, մտածում ես, կարողանում ես անցյալիդ նայել, տեսնել քո սխալներն, այդ ժամանակ էլ կգա իմաստությունը, այլ կերպ նայել ընտանիքին, ընկերական շրջապատին, որով ես շատ եմ հպարտանում: Ամենակարեւորը սերը չկորցնենք մեր հարազատների, ընկերների համար: Սա է կարեւորը: Լինել այն մարդկանց կողքին, ովքեր միայն քեզ դրական էմոցիաներ են պարգեւում, չեմ սիրում բացասական երեւույթները: Այդ ֆեյսբուքում տեսնում եմ կանայք այնպիսի բառապաշարով են միմյանց հետ խոսում, ես պարզապես ապշած եմ»-նկատում է նա:

Վերջինիս հավելմամբ` կանայք այսօր կորցրել են իրենց կին լինելու հատկությունը:

Նշենք, որ 2003թ. դերասանուհին ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, 2011թ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ, «Հակոբ Մեղապարտ» մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016թ. «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս