Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ):

Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.
2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:
Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.

1) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը,

2) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

3) 2020 թվականի մայիս ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)
Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

Կոմիտեն տեղեկացնում է, որ վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները` 2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը:




Լրահոս