Կորոնավիրուսի տարածման պայմաններում կարևորելով հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների անխափան մատուցումը՝ Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնել է մատուցվող ծառայությունների հեռահար սպասարկման ուղղությունները:
«Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում են հարկ վճարողների կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ըստ կարիքների՝ տեղեկատվության հնարավորինս տրամադրման և համապատասխան ծառայությունների մատուցման մի շարք միջոցառումներ:
Այսպես, ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց, առանց հարկային մարմին այցելելու, շնորհվել են հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Միաժամանակ, այդ գործարքներն էլեկտրոնային հայտարարագրելու կարգի և դիմումների ձևի վերաբերյալ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են հայտարարություններ և իրազեկման ուղեցույցեր: Իսկ հարցերի դեպքում քաղաքացիները պարզաբանումներ են ստացել հեռահար:
Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավորություն է ստեղծվել նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ սահմանված դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) վարկառուի (համավարկառուի) կողմից ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Միաժամանակ ֆինանսական կազմակերպություններին առաջարկվել է` 2020թ. 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները փոստային ծառայության միջոցով ներկայացնել ՊԵԿ։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում հեռահար եղանակով կատարվել են իրազեկման աշխատանքներ՝ հնարավոր շահառու հարկ վճարողների կողմից ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով համապատասխան դիմումների ներկայացման և ներկայացված դիմումների ճշգրտման վերաբերյալ, ինչպես նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեների միջոցով իրականացվել է շահառուների դիմումների ընդունման և հետագա ընթացքի ապահովման աշխատանքներ։
Հարկ վճարողների հետ հետադարձ կապը, ինչպես նաև իրազեկման աշխատանքներն ապահովվում են ՊԵԿ պաշտոնակայն կայքում տեղադրված հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեների և հեռախոսահամարների միջոցով: