Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել։ Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների բողոքի քննությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ինքը խոսքի տեր մարդ է և երբեք պատասխանատվությունից չի խուսափի։
«Նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանրագույն բեռն է ամբողջ կյանքի համար: Ինձ համար համար դա մեծագույն պատասխանատվություն է՝ լինելով ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի առաջին նախագահ, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ, և ինչպիսի հանրային արձագանք կլինի: Սա բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է և որևէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնել, ուղղակի բացառվում է։ Ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ և այդ հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար»,- նկատեց Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ 1988 թվականից որևէ մեկին առիթ չի տվել մտածելու, որ իր խոսքի տերը չի կարող լինել։
«Հարգելի դատարան, Դուք հիշո՞ւմ եք որևէ մի դեպք, որ ես հակասել եմ ինձ, այսօր արել եմ մի հայտարարություն, հաջորդ օրն՝ ուրիշ։ Չկա այդպիսի բան»,- նշեց Քոչարյանը։ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ դատարանին ներկայացրեց, թե ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանն անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց հետ։