Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալիանսի(WITSA) նախագահ Իվոն Չուն ողջույնի և շնորհավորանքի խոսք է հղել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԱՏՁՄ) նախագահ, WITSA խորհրդի անդամ, Ucom ընկերության և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանին:
WITSA-ն, որը համաշխարհային ամենամեծ և կարևոր ոլորտային կոնգրեսներից մեկի` WCIT հիմնադիրն է և կազմակերպիչը, իր ծաղկման նոր շրջանը սկսեց Իվոն Չուի նախագահությամբ, որ համաշխարհային այս կազմակերպության առաջին կին նախագահն է։ ՏՏ համաշխարհային ոլորտի ղեկավարների շրջանում մեծ հեղինակություն վայելող այս կինը մի քանի տարում փոխել է տեխնոլոգիաների դերակատարության և տվյալների անվտանգության պահպանման մոտեցումների ընկալումը ՏՏ աշխարհում, մի շարք մենագրությունների և հոդվածների հեղինակ է, ելույթներով և դասախոսություններով հանդես է եկել բազմաթիվ համաշխարհային կարևորության և կառավարական միջոցառումների բարձր ամբիոններից։
Ալեքսանդր Եսայանին ուղղված շնորհակալական նամակի մեջ Իվոն Չուն մասնավորապես կարևորել է Ալեքսանդրի անհատական նվիրումը և հսկայական ջանքը, որի շնորհիվ WCIT YEREVAN ’19 կոնգրեսը գեղագիտական ճաշակով, մասնակիցների ներգրավվածությամբ և առհասարակ ընդգրկունությամբ գերազանցել է նախորդ բոլոր կոնգրեսները և կազմակերպչական նոր նշաձող սահմանել կոնգրեսի հետագա հյուրընկալ երկրների համար։
«Կարծում եմ, WCIT 2019 կազմակերպելու գործում քո ամենանշանակալից ներդրումը իրականացրել ես հենց քո հրաշալի Հայաստան երկրի համար։ Քո շնորհիվ համաշխարհային ուշադրության կենտրոնում հայտնվեց քո ազգը, որպես փոքր, բայց պայծառորեն փայլող հզոր ազգի վառ օրինակ, որը ծաղկում է Թվային ժամանակաշրջանում», – նշել է Իվոն Չուն, ավելացնելով․ «Ալեքսանդր, քո աշխատանքը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ղեկավարման և զարգացման գործում վերջին տասնամյակում համաշխարհային ճանաչման է արժանացել։ Դու կարող ես հպարտանալ այս ձեռքբերմամբ։ WCIT 2019 անհավանական հաջողությունը հաստատումն է քո առաջամարտիկ լինելու, քրտնաջան աշխատանքի, Հայաստանի նկատմամբ կրքի ու նվիրվածության»։
Իվոն Չուն շնորհավորել է Ալեքսանդր Եսայանին նոր հեռահաղորդակցության օպերատոր Team Telecom Armenia-ն հիմնադրելու կապակցությամբ և մաղթել հաջողություն։