Armenian text to speach

Ինչու է Հայաստանը միացել ամերիկյան ալյանսին, և ինչ խնդիրներ կլինեն Չինաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց Կրոնական ազատության միջազգային ալյանսի մասին, որին Հայաստանը միացել է այս տարվա հունիսի 12-ին: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվել էր՝ ինչ առաքելություն ունի այս հարթակը, ինչ խնդիր է լուծում եմ եւ ինչպիսին են այս ալյանսում համագործակցության պայմանները:

Նախարարը պատասխանեց, որ կրոնական ազատությունների հարցն առանցքային է Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ մարդու իրավունքների համատեքստում. «Կրոնական ազատությունների առումով մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ: Այս հարթակը միավորում է որոշ երկրների, որոնք միասին աշխատում են այս թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր գերակայություններով: Մենք ունենք մեր գերակայությունները:

Թեման, որ խտրականության հետ առնչվում է այն խոցելի խմբերից է, որի իրավունքները չհարգելու պատճառով կարող են ի հայտ գալ իրավիճակներ, որոնք զանգվածային խախտումների ու զանգծածային ոչնչացման հիմք կարող է լինել: Գիտեք, որ ցեղասպանության կանխարգելումը նույնպես մեզ համար էական հարց է: Երկրորդը՝ մենք մի ժողովուրդ ենք, որն ունի բավական մեծ փորձ ապրելու, հարգելու կրոններ, ապրելու միասին տարբեր հասարակություններում, որտեղ ներկայացված են տարբեր կրոններ, մենք ունենք մեր սփյուռքը:

Այս հարթակը հնարավորություն է ստեղծում աշխատել մեզ համար մեր բարեկամ երկրների հետ՝ առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը, տարբեր ծրագրերի, երկխոսության ամրապնդման տարբեր միջոցառումների: Մենք առաջնորդվելու ենք մեր գերակայություններով ու նրանով, որ սա առավել նպաստավոր կարող է լինել աշխատելու մեր գործընկերների հետ, որոնք նույնպես ալյանսի անդամ են», – նկատեց նախարարը:

Ի պատասխան պատգամավորը գովելի որակեց, որ Հայաստանը խորացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ գտնելով տարբեր հարթակներ, սակայն նաև հայտնեց այն մտահոգությունը, որ այս հարթակը կարող է դառնալ հակաչինական հարթակ ու դրա մասին են վկայում տարբեր հայտարարություններ: Սակայն նախարարը փարատեց պատգամավորի մտահոգությունները՝ ասելով, որ դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ էլ չկա, յուրաքանչյուր պետություն իր ծրագրերն է ներկայացնում, առաջարկում մեխանիզմներ՝ դրանց իրագործման համար:

Նկատենք, որ այս այլանսին միանալը հակասական կարծիքների տեղիք է տվել: Մեկնաբանվում էր, թե Հայաստանի միացել է ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի ձևավորած մի ալյանսի, որը կրում է հակաչինական առաքելություն: Սակայն այսօր խորհրդարանում Զոհրաբ Մնացականյանը շտապեց փարատել կասկածները և հայտարարել, որ այն հակաչինական ալյանս չէ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այս ալյանսի առնչությամբ նշում է. «Այս ալյանսը լուրջ անհանգստություն է առաջացնում Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության մոտ, որովհետև այս երկրներում կարծիք կա, որ ալյանսի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու հենց իրենց երկրների դեմ։ Չինացիները կարծում են, որ այն ուղղված է լինելու Տիբեթի խնդրի դեմ և անդամակցությունը մեզ համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել չինացիների հետ հարաբերություններում: Ընդ որում,ալյանսի ապագան դեռևս կանխորոշված չէ կազմակերպության իրավական ձևի առումով, արդյոք դառնալու է միջազգային կազմակերպություն, թե՝ ոչ:

Ի դեպ, փետրվարին ԱՄՆ-ի ձևավորած դաշինքի անդամ երկրների թվում են ԱՄՆ-ը, Ավստրիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան և ևս 12 երկիր:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս