Վենետիկի հանձնաժողովի պատասխանը՝ վաղը. իշխանություններն անհամբեր սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի հանձնաժողովն այս շաբաթ հրապարակելու է Հայաստանի Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկի եւ սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության վերաբերյալ կարծիքները: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այս շաբաթվա մեր նստաշրջանում մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ», – Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի խոսքերն է մեջբերել արդարադատության նախարարը: Նա ընդգծել է, որ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է լինելու նաեւ Հայաստանին վերաբերող վերոնշյալ երկու հարցերին։

Իսկ ահա Վենետիկի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ՍԴ ճգնաժամի վերաբերյալ կարծիքը հրապարակվելու է այսօր: Նկատենք, որ կառավարությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեի փոխարեն խորհրդարանում լուծելու վերաբերյալ հարցադրումներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովին դեռեւս մայիսին։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ սպասում են Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին հանդիսացող Վենետիկի հանձնաժողովի արձագանքին մինչև ՍԴ հարցի լուծմանը ձեռնամուխ լինելը։

Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է հրաժեշտ տալ ՍԴ այն դատավորներին, ովքեր պաշտոնավարել են 12 եւ ավելի տարիներ: Բացի այդ, նախագծի ընդունման պարագայում Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ: Հենց այս տարբերակի վերաբերյալ էր հարցեր ուղղված Վենետիկի հանձնաժողովին:

Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարը նաեւ հրապարակել էր Բուքիքիոյի խոսքերը՝ կապված Հայստանում եւ Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Մասնավորապես, Բուքիքիոն, ըստ Հայաստանի արդարադատության նախարարի,Եվրախորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացնելով իրենց նախորդ տարվա գործունեության մասին զեկույցը՝ նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում եւՄոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել: Նա նաեւ նշել է, թե իրենք աջակցում են այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձեւավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկն, ըստ Բուքիքիոյի, վերաբերում է, մի կողմից, ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս