
ԲԴԽ-ն այս պահին քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Մինչ նիստի մեկնարկը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց իր ինքնաբացարկի մասին: Մակյանը նշեց, որ Ազարյանի շահերը պաշտպանող Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է, դեռևս 1992 թվականից ունեն մտերիմ հարաբերություններ, սովորել են նույն կուրսում:
«Ավելին, ես հանդիսանում եմ նրա որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Բացի դրանից, Աթանեսյանը հանդիսանում է ավագ եղբոր որդու հարսանիքի քավորը, ով նույնպես փաստաբան է ու Աթանեսյանի հետ աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում»: Աթանեսյանն իր հերթին նշեց, որ ինքնաբացարկի հիմքեր չկան՝ հորդորելով մերժել այն: ԲԴԽ անդամները հեռացան որոշում կայացնելու, իսկ վերադառնալուց հետո հայտնեցին՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժված է: