ՊԵԿ-ն առաջարկում է հինգ ծրագիր իրականացնել. ինչ կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2021-2025 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Այն ներկայացնում է առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները եւ այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները: Հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային եւ մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը:

2020 թվականի պետական բյուջեի պլանավորման գործընթացների շրջանա­կում ՊԵԿ կողմից ներկայացված արդյունքային ցուցանիշների մեջ 2025 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը թիրախավորվել է 23.6 տոկոս, որը հան­դիսանում է ծրագրային բյուջետավորման շրջանակներում ՊԵԿ կողմից ներկայացված երկու ուղենիշային ցուցանիշներից մեկը (երկրորդը՝ հարկային վարչարարության արդյունավետության ցուցանիշն է, որը 2025 թվականի համար թիրախավորվել է 1.37 տոկոս):

Ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջև դրել է 5 զարգացման ռազմավարական նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների և որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում (գործողություն)։

ԱՌԱՋԻՆ ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կատա­րելագործմամբ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրականացման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ենթակառուցվածքների ներդրմամբ հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցումը, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը և հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագործումը:

ԵրԿրորդ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համա­հունչ նորագույն լուծումներով հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը և ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ (աննկատ) վարչարարության իրականացում և ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյունավետ հսկողության իրականացում:

Երրորդ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիա­կանացումն է, ինչպես նաև ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային և մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման և համագործակցության ապահովման համար, նաև ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ հսկողական գործընթացներ:

ՉՈՐՐՈՐԴ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսու­թյան մթնոլորտի ձևավորումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության մասնակիցների միջև փոխհարաբերությունների բարելավումը, որը կնպաստի ՊԵԿ գործունեության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և հարկային կարգապահության բարելավմանը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառա­վարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համա­պա­տասխանում և նպաստում է սահմանված գործառութային նպատակների արդյունավետ իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների և աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուցման՝ վարձատրության և մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնա­գիտական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը։




Լրահոս