Ես որևէ մեկին կաշառք ո´չ բաժանել եմ, ո´չ առաջարկել. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու համար: Սակայն երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետն  անդրադարձավ  այն քննադատություններին, որ չի բացահատվել ՀՀԿ-ի ընտրակաշառքների դեպքերը, ասելով, որ այդ քննադատությունն ընդունում է, եւ պետք է իրավապահների առաջ խնդիր դնել` բացահայտել բոլոր կուսակցությունների բաժանած ընտրակաշառքի դեպքերը: Փաշինյանը նաեւ ասաց` ժամանակին մի օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որ համակարգային ընտրակաշառք բաժանած կուսակցությունների գոծունեությունն արգելվի:

Armlur.am-ը դիմեց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ հասկանալու համար, թե արդյոք իրենք մտավախություն ունեն, որ ուսումնասիրությունները կարող են հասնել նաեւ Հանրապետական կուսակցությանը: «Մեր կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ի մասով եւ նշել, որ վերջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանի ուժը շարունակում է ընդդիմախոսների հանդեպ հետապնդումներ իրականացնելու գործելաոճը: Երեկ էլ Դոնալդ Տուսկը քննադատել է մեր իշխանություններին եւ կոչ է արել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդում չիրականացնել: Նմանատիպ խոսք է եղել: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ես ցանկացած օրինախախտմանը, ե´ւ այն ժամանակ, ե´ւ հիմա, ե´ւ վաղը դեմ եմ եղել եւ լինելու եմ՝ անկախ նրանից, թե այն ինչպիսին է: Ես կողմ եմ բոլոր օրինական գործողություններին», – նշեց նա:

Սակայն Շարմազանովը նկատեց, որ Փաշինյանի հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել, քանի որ դրանց մեջ չկա իրավական որեւէ նշույլ: «Ես ինքս որևէ անհանգստանալու բան չունեմ: Ես որևէ մեկին կաշառք ոչ բաժանել եմ, ոչ ստիպել եմ, ոչ առաջարկել եմ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես համոզված եմ, որ դա իրավաkան գործընթաց է: Եթե կլինեն նման փաստեր, թող իրավապահները զբաղվեն՝ ուզում է «Ելք»-ը լինի, ՀՀԿ-ն կամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները լինեն: Բայց ես ուզում եմ նկատել, որ նորանկախ Հայաստանի ամենախայտառակ ընտրությունները եղել են 2018 թվականին, որտեղ ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվել ՀՀԿ-ի նկատմամբ, եղել են նաեւ շատ լուրջ ճնշումներ: Եվ հիշեցնեմ Դավիթ Սանասարյանի հարցազրույցներից մեկում արված պնդումը, որ Կենտրոն համայնքում վարչական ռեսուրս է եղել իր թեկնածուներից մեկի նկատմամբ», – հավելեց նա:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս