ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։
ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։
Արտադրամասերում նկատվող հաճախակի խախտումներից են փակվող աղբամանների քանակի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշ դեպքերում չի պահպանվում անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, տեսանելի վայրում բացակայում են իրազեկման թերթիկները։ Միաժամանակ, «Արարատ» հանքային ջրերի գործարանում արդի տեխնոլոգիական պայմաններում էական խախտումներ չեն գրանցվել. Ախտահանման հատուկ ընթացակարգ է սահմանված։
Խախտումները հաճախակի են նաև գեղեցկության սրահներում․ այստեղ սրբիչների և հիգիենայի պարագաների ամենօրյա լվացքը չի կազմակերպվում սահմանված նորմերին համապատասխան, հաճախորդների ջերմաչափման տվյալները չեն գրանցվում մատյանում, օդը չի վարակազերծվում, աշխատակիցներն օրը 2 անգամ չեն ջերմաչափվում։
Առևտրի կետերում հաճախակի են կուտակումները, երբեմն բացակայում են գծանշումները, իրազեկման թերթիկները, ջերմաչափման գրանցամատյանը՝ սահմանված ձևին համապատասխան։
ԱԱՏՄ արձանագրած խախտումները ներկայացվում են պարետին, դրանց հիմքով կայացվում են ժամանակավոր կասեցման որոշումներ։
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ամեն օր։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման կամ կոպիտ խախտումների դեպքում՝ առավել խիստ։