Անձամբ ես մտավախություն չունեմ, իսկ հիմա սթափվելու ճիշտ ժամանակն է․ Հովհաննես Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու համար: Սակայն երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետն անդրադարձավ այն քննադատություններին, որ չի բացահատվել ՀՀԿ-ի ընտրակաշառքների դեպքերը, ասելով, որ այդ քննադատությունն ընդունում է, եւ պետք է իրավապահների առաջ խնդիր դնել` բացահայտել բոլոր կուսակցությունների բաժանած ընտրակաշառքի դեպքերը: Փաշինյանը նաեւ ասաց` ժամանակին մի օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որ համակարգային ընտրակաշառք բաժանած կուսակցությունների գոծունեությունն արգելվի:

Այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցում ընդգծել է․ « Եթե իրավական տիրույթում է ամեն ինչ իրականացվում, ապա մենք մշտապես ասել ենք, որ կողմ ենք, որ ընտրակեղծարարներն ու կոռուպցիոներները պետք է պատժվեն, եւ իրավական գործընթացները տեղի ունենան օրենքի տիրույթում։ ՀՀԿ-ն մտավախություն ունի, թե՞ չունի․ մենք տեսնում ենք տարբեր քրեական գործեր ՀՀԿ-ի նախկին թե ներկա անդամների հետ կապված։ Անձամբ ես որեւէ մտավախություն չունեմ, ես 9 տարի եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, ընտրվել եմ համամասնական ցուցակով, ո՛չ ընտրակաշառք եմ բաժանել, ո՛չ էլ նման պրոցեսների մեջ մասնակցել եմ, ո՛չ էլ տեսել եմ։

Ընտրակաշառք բաժանելն, ի դեպ, ընդունվել է հենց այն ժամանակ, երբ մենք Ազգային ժողովում էինք։ Ընդհանրապես քրեական օրենսգրքի նորմերն ունեն կանխարգելիչ եւ արդեն իսկ կատարած հանցանքի պատժիչ գործողություններ։ Սա դասվում է կանխարգելիչ այն բնույթի հոդվածների մեջ, որոնք դու դրա հետեւանքներով ցույց ես տալիս, եւ փորձում ես կանխարգելել։ Ե՛վ ընտրակաշառք վերցնողը, ե՛ւ տվողը հավասար պատասխանատվություն են կրում, եւ շատ բարդ ապացուցելի է։ Հետեւաբար կարծում եմ այս անպտուղ գործողության մեջ մտնելը բարդ գործընթաց է լինելու»։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ժամանակահատվածում երկրի թիվ մեկ խնդիրը համաճարակն է, որի դեմ պետք է պայքարել։

«Այս վիճակում մարդկանց փողոց են հանում, այն մարդիկ, ովքեր գործընթաց են սկսկել ստիպված են իրենց թիմակցի կողքին կանգնել։ Դրա դեմ պայքարն այնքան էլ հրատապ չէր, եւ կարող էին մեկ-երկու ամսին էլ սպասել, հասկանալ , թե ինչ է լինելու, որովհետեւ հարյուրավոր մարդկային զոհեր են տալու՝ ոչ հեռատես, չմտածված գործողությունների արդյունքում։ Ես կարծում եմ, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին կորոնավիրուսն է։ Հիմա սթափվելու ճիշտ ժամանակն է, եւ կոչ եմ անում համերաշխության։ Նախ բոլորս այս վիրուսի դեմ ենք պայքարում, իսկ հետո այդ խնդիրները բարձրացնենք ու լուծում տանք։ Նախ մենք պետք է տնտեսության մասին մտածենք, իսկ այսպես, երկիրը կործանելով , տեղ չենք հասնի»,-հավելում է Հովհաննես Սահակյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս