ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ ԿՈՉԵՐԸ ՁԱԽՈՂՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ նրա նկատմամբ ազատությունից զրկելու թույլտվություն տրվեց: Երկու միջնորդությունների ժամանակ էլ քվեարկությանը մասնակցեցին եւ կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ու Արման Բաբաջանյանը, եւ ստացվեց 87 կողմ ձայն: Ծառուկյանն այդ ողջ ընթացքում ԱԱԾ-ում հարցաքննվում էր: ԱԺ որոշումից հետո շտապեցին հայտարարություններ տարածել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Նախ հայտարարություն տարածեց Հանրապետական կուսակցությունը, ապա համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Հայրենիք», ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները, որն ավելի շատ համախմբելու կոչ էր: «Պահանջում ենք գործող իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ  գործելաոճը եւ անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ եւ ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները», – ասված էր այս հայտարարության մեջ։

Այսպիսով, արտախորհրդարանական ուժերը «հուժկու» հայտարարությամբ ասում են, թե Գագիկ Ծառուկյանի կողքին են, սակայն իրականում նրանք բավարարվեցին միայն հայտարարություններ տարածելով, այլ ոչ թե անձամբ, ֆիզիկական ներկայությամբ նրան սատարելով: Տպավորություն է, որ իշխանության դեմ պայքարը նրանք պատկերացնում են հայտարարություններով կամ սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրելով: Ընդ որում, նկատենք՝ ընդդիմադիրները, ոգեշնչված նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին տարած հաղթանակով, կարծում են, թե օնլայն պայքարով իրենք էլ իշխանության կգան,  մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սկսեց հաղթել այն ժամանակից, երբ քայլ արեց եւ քաղաքացիներին էլ ստիպեց, որ ամեն մեկն իր քայլն անի:

Ի՞նչ է կատարվում հիմա. Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ն համաձայնում է զրկել ազատությունից, սակայն ընդդիմությունը «քայլում է»՝ համացանցում հայտարարություններ տարածելով: Իրականում հասկանալի է, որ նրանք վախեր ունեն, իսկ վախկոտ ընդդիմությունը, բնականաբար, չի կարող հաջողություն ունենալ: Եվ արդեն վստահաբար կարելի է ասել՝ այն կոնսոլիդացիան, ինչի մասին խոսում են, չի կայանալու: Ու մի բան էլ. նկատենք, որ այն անձինք, որոնք ցանկանում են դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, պետք է անձամբ գնան զրկանքների եւ լինեն ամենասուր տեղերում: Եթե մարդիկ ուզում են, իրենց տանը նստած, քաղաքական հերոսներ հռչակվել, ապա պետք է հասկանան, որ ի սկզբանե ձախողված են:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, եւ մոտ երկու շաբաթվա ընթացքում  խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի:  Այսինքն՝ վեթթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Այս վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում: Նկատենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, եւ նախկինում եւս ցանկացել են հարկադիր սնանկացման տանել, սակայն հարցը հետագայում կարգավորել են: Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, եւ հարկադիր սնանկացումն անխուսափելի է: Նշենք, որ կաշառակերության մեջ մեղադրվող դատավորը Հայաստանը լքել էր 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ նա Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով: Հավելենք՝ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Ըստ Դատախազության՝ Ուզունյանը 2007-ին, ապա եւ 2014-ին քաղաքացիներից պահանջել եւ տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ մի դեպքում՝ 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Բանն այն է, որ այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան եւ Խանջյան փողոցները: Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթեւեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ու թեեւ այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթեւեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորները եւս ներգրավեն այս գործում` որպես մեղադրյալների: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը: Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր:

 

 




Լրահոս