Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Դատախազության միջնորդության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի հետ:
-ԲՀԿ-ական բոլոր պատգամավորների դեմ քրեական գործեր են հարուցում: Հիշո՞ւմ եք՝ ինչ եք արել Գեղարքունիքի մարզում:
-Այնքան լավ բաներ եմ արել:
-Կաշառք չե՞ք տվել:
-Կաշառք չեմ տվել:
-Ազգային անվտանգության ծառայությունը կարո՞ղ է քրեական գործ հարուցել:
-Նման բան չի կարող լինել, նման բան չի եղել:
-Խուզարկություն կատարե՞լ են Ձեր տանը:
-Իմ տանը չէ, բայց եղբորս տանը՝ այո: Եղբորս հունիսի 14-ին տարել են, այսօր էլ (երեկ) տարել-նստացրել են, ասել՝ հանկարծ քաղաք չգնաս:
-Ձեր եղբայրը մասնակցե՞լ է ինչ-որ գործողությունների:
-Իմ եղբայրն իմ կողքին պետք է լինի: 2007 թվականից իմ եղբայրն ո՞ւմ կողքին պետք է լիներ: Ամեն ինչին մասնակցել է իմ հետ, նկատի ունեմ՝ իմ ընտրարշավին իմ եղբայրն իմ կողքին է եղել:
-Իսկ Ձեզ չե՞ն տարել կամ հարցաքննել:
-Ինձ չէ: Եղբորս տունը խուզարկել են, հունիսի 14-ին տարել էին Ազգային անվտանգության ծառայություն, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում թողել են: Այսօր (երեկ) էլ առավոտյան նորից տարել են Սեւանի ոստիկանության բաժանմունք:
-Այսօր նույնպե՞ս Ազգային անվտանգության ծառայությունն է տարել:
-Ոչ, այսօր (երեկ) ոստիկանությունն է տարել, նստացրել ու ասում է, որ էստեղ պետք է մնաս, որ քաղաք չգնաս:
-Դուք վախենալու ոչինչ չունե՞ք:
-Ես միայն իմ աստծուց եմ վախենում:
-Իսկ ի՞նչ են հայտնաբերել Ձեր եղբոր տանը: Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Ոչ մի բան: Ընդհանրապես ոչ մի բան չեն հայտնաբերել:
-Ընտությունների հետ կապված կա՞ն ինչ-որ փաստաթղթեր:
-Իմ եղբոր տանից ոչ մի փաստաթուղթ չեն հանել:
-Ձեր եղբայրը շտա՞բն է ղեկավարել:
-Շտաբն ուրիշ մարդ է ղեկավարել: Արմեն Պետրոսյանին՝ շտաբիս պետին էլ են բերել, իրենց տուն էլ են գնացել հունիսի 14-ին, հանել են 2007թ. մեր կուսակցականների ցուցակը:
-Այսինքն՝ Գեղարքունիքի մարզում, ովքեր կարող են կապված լինել ընտրությունների հետ, իրե՞նց են խուզարկում:
-Այո, բոլոր շտաբների պատասխանատուների տները խուզարկել են: Բոլորին հունիսի 14-ի բերել էին ԱԱԾ՝ կենտրոնական վարչություն:
-Այսինքն՝ Գեղարքունիքի մարզում գրեթե բոլոր անդամները, ովքեր մասնակցություն են ունեցել ընտրություններին.. Ձեզ հետ է՞լ էր կապված:
-Խուզարկության պահով ասեցի՝ իմ եղբոր տունն են խուզարկություն կատարել եւ իմ շտաբի պետի տունը, հետո երկուսին էլ բերել են ԱԱԾ, երեկոյան բաց են թողնել:
-Պարո՛ն Մադաթյան, Դուք անձամբ պատրա՞ստ եք խուզարկության:
-Իմ տան դռները բաց են: Ի՞նչ պիտի անեմ, որ եկան խուզարկելու, թող մտնեն խուզարկեն, թող նայեն, ի՞նչ պետք ա գտնեն:
-Ոչ մի բան չե՞ք արել:
-Կաշառք չի եղել ընդհանրապես: Բայց իմ ժողովրդի համար, որ 15 տարուց ավել աշխատել եմ Մոսկվայում, իմ ժողովրդի համար 1999թ. սկսած ամեն ինչ էլ արել եմ, ու չեմ իմացել, որ 2007թ. կարող է իմ թեկնածությունը առաջադրեմ:
-Կաշառքի տեսքո՞վ եք արել:
-Օգնություն եմ բերել իմ ժողովրդին: 1999թ. իմ ժողովրդի համար արել եմ: Այն ժամանակ ո՞վ էր մտածում, որ 7-8 տարի հետո ես պետք է առաջադրվեմ այն դեպքում, որ ես Մոսկվայում կայացած գործարար եմ եղել, մեծ շինարարություններով եմ զբաղվել: Նման ցանկություն չեմ ունեցել, բայց դա իմ դաստիարակությունն է, որ ինձ դիմողին իմ հնարավորության չափով կիսվեմ:
-Պարո՛ն Մադաթյան, սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում:
-Այո, սա քաղաքական հետապնդում է: Ուրիշ բան, եթե պարոն Ծառուկյանի հայտարարությունից առաջ էս ամենն արվեր: Թող էն ժամանակ անեին: Ինչի՞ համար էս ամենն արվեց պարոն Ծառուկյանի հայտարարությունից հետո, ո՞նց հասկանանք:
-Տեղեկություն կա, որ փորձելու են ԲՀԿ-ականներին անձեռնմխելիությունից զրկել: Կա՞ նման բան:
-Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում ու չեմ էլ պատկերացնում՝ ոնց են անելու, որ բոլորիս զրկեն մեր անձեռնմխելիությունից:
-ԱԱԾ-ն փաստաթուղթ էր հրապարակել, որի հիմա վրա կարող են նման գործողություններ իրականացնել:
-Չգիտեմ, այդ մասին տեղյակ չեմ: Գիտեմ, որ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակն են ստուգել, նայել, բայց անձեռնմխելիության հետ կապված ոչինչ չգիտեմ ու չեմ էլ հասկանում, թե ոնց պետք է անեն, որ բոլորիս զրկեն: Մենք պատրաստ ենք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԲՀԿ-Ն 2017-ԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում շոշափվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը եւ անդրադարձ կատարվում Երեւանի ավագանու՝ 2017 թվականի ընտրություններին: Մասնավորապես, հաղորդագրությունում ասվում է.
2017 թ. մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձեւականորեն տեղափոխվել եւ ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով հաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող, Երեւան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում եւ այդկերպ Երեւանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել եւ հաշվառել են Երեւան քաղաքից դուրս գտնվող իրենց հաշվառման իրական վայրերում։
Սակայն ուշագրավ է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 2017 թվականին չի մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ն, «Ելք» դաժինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ԲՀԿ-ն մասնակցել է 2018 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին:
Բացի այդ, նույն հաղորդագրության համաձայն՝ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետեւյալը. «…Պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… Պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՞ չէ, էտա, իրականությունը էտա…»:
Ն.Հ.
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Վիրաբյանը երեկ հայտնել է, որ Երեւանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցնելու առաջարկով։ Վիրաբյանը մասնավորապես հայտնել է. «Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաեւ մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, մինչեւ մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչեւ 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչեւ 6-7 տոկոսը։ Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի վ/շ երեխաների համար։ Հուսով ենք՝ վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ կկարողանանք նախակրթությունը վերադարձնել բնականոն հունի մեջ։ Առաջիկա օրերին կտեղեկացնենք, թե որ վարչական շրջանում որ մանկապարտեզները կգործեն»:
ՍՏՈՒԳԱՅՑԵՐ
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։ Պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առեւտրի կենտրոնը։ «Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից, դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։ Արձանագրվող խախտումներին հետեւում են պարետի կասեցման որոշումները։ Վերջինների համաձայն՝ երեկ եւս Երեւանում եւ մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն ամբողջությամբ, առեւտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։