Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ Ազգային ժողով ներկայացրած միջնորդությամբ խոհրդարանի համաձայնությունը հայցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու համար: Եվ Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա ազատությունից զրկելուն: Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:
«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորներն ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ հետո գտնվում էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում էր: Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա էին եւ քվեարկությանը մասնակցեցին 86-ը. բացակա էին Թագուհի Թովմասյանը եւ Սասուն Միքայելյանը (նա վատառողջ է, իսկ Թովմասյանը հղիության եւ ծննդաբերության դեկրետում է): Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցել է քվեարկությանը եւ եւս կողմ է քվեարկել:
Արթուր Դավթյանը խորհրդարանում նշեց, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթերը, ըստ որոնց` Գեղարքունիքի մարզում անհրաժեշտ ձայներ ապահովելու համար հատկացվել է միլիոնավոր դրամի ընտրակաշառք: Գործով արդեն 2 ձերբակալված կա։
«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց», – ներկայացրեց Արթուր Դավթյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր` կա արդյոք ցուցմունք այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ փող է տվել ընտրակաշառք բաժանելու նպատակով: «Մենք թույլ տանք` Դուք կալանավորեք, քննեք, քննեք, վերջում պարզեք, որ Պողոսը, Պետրոսը եւ Մարտիրոսը փող են բաժանել, բայց դե Ծառուկյանն էլ տեղյակ չէր, որ իրենց փող բաժանում էին, դրա համար Ծառուկյանին թողնում ենք: Դուք խորհրդարանին ի՞նչ եք ասելու»:
Ակնհայտ պասիվ էին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները. ոչ մի հարց դատախազին եւ ոչ մի գրանցված ելույթ: Չնայած կանոնակարգին՝ հարցերին պատասխանել չցանկացավ Գագիկ Ծառուկյանը։ Նա քրեական գործը շինծու անվանեց, ելույթի հիմնական մասն էլ նվիրեց ոչ թե քրեական գործին ու բերված ապացույցներին, այլ իշխանության ձախողումներին եւ կորոնավիրուսի դեմ պայքարին:
Ծառուկյանն ուշադրություն հրավիրեց հարցի, իր խոսքով, բարոյական կողմին, ասում է` իրեն հարցաքննության կանչելուց հետո ինչու բաժին հրավիրեցին նաեւ իր որդուն. «Տղան, թող մնա տունը տղամարդ, հերը ստեղ է, հոր հարցը կա՛մ կալանավորեք ժամանակավոր, կա՛մ ինչ»: Ասաց` պատասխանատու է իր նախկին հայտարարությունների համար, բայց մի պահ շփոթվեց. «Այսօր ես ասում եմ` գործարար եմ, այո, սեփականատեր եմ, կներեք, սեփականատեր եմ, բոլոր կառույցները կառավարվում են, բայց, ասենք, ես ի՞նչ կապ ունեմ կառավարման հետ»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց հարցը դիտարկել միայն իրավական հարթության մեջ. «Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում, եւ մենք այդպիսի զարգացման դեպքում մեր որեւէ պատգամավոր գործընկերոջը հետ կողջունենք նորից այստեղ` խորհրդարանում»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին եւ ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: Քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, Առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը եւ համագործակցության արդյունքում սպասվող անելիքները: Նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման եւ բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով:
ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանը նշանակվել է վարչապետի օգնական: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի հրամանագրով՝ Արթուր Գրիգորյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից:
ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ Գասպարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մարտին Գալստյանը։
ԱՆՁՆԱԳՐԻ ԿՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ
Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը. հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո: «Պետք է արձանագրեմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մենք երեկ ասացինք, որ մեր մեծագույն խնդիրն այս պահին տեսնում ենք դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը եւ այսօր այդ առիթով կայացրել ենք որոշումներ: Որոշումն այն մասին է, որ վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը. խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է», – ասաց Փաշինյանը: Վարչապետը հայտարարեց՝ այս որոշումը կայացվել է, քանի որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, եւ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է:
ԸՆԴՈՒՆԵՑ
Երեկ ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի` յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Վերանում է կանխավճարի եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։ Շահութահարկ վճարողները ազատվում են 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։
ՀՐԱԺԱՐՎԵՑ
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Խանլարի Ջիվանյանի՝ հունիսի 15-ին ներկայացրած հրաժարականի դիմումի հետ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը եւ ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: