Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերքով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են “Փյունիկ” հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի /ՀՊԱՀ/ ռեկտոր Ա. Թարվերդյանը: Այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև 2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված “Ագրարային մենեջմենթ” մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ: Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:
Պաշտոնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ