ԳՆԱՆԿՄԱՆ ԴԻՄԱՑ՝ ԳՆԱՃԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%: Ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության՝  2020 թվականի մայիսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ավելացել է եւ կազմել 1.2%:

 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սպասվում է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կգրանցի իր պատմական ամենամեծ անկումներից մեկը: Ընդ որում, գնահատվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը ընթանում է սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, եւ շարունակվում է պահպանվել համավարակի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունը: Միեւնույն ժամանակ հումքային ապրանքների գները ցույց են տալիս կայունացման եւ վերականգնման որոշ նշաններ՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության զգուշավոր լավատեսական սպասումներով: Ակնկալվում է, որ արտաքին հատվածը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն:

ԿԲ գնահատականների համաձայն՝ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի գործոններով: Առաջարկի մասով նվազումը պայմանավորված է հատկապես շինարարության ու ծառայությունների ոլորտում արձանագրված անկմամբ, իսկ պահանջարկի տեսանկյունից անկումը կարտահայտվի հիմնականում մասնավոր ծախսումների կրճատմամբ թե՛ սպառման եւ թե՛ ներդրումների մասով։ Չնայած նախորդ տարվա համեմատ հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը՝ մասնավոր պահանջարկի նվազման ազդեցությունները կգերակշռեն, ինչը մեծապես պայմանավորված է համավարակի հետ կապված անորոշությունների պահպանմամբ:

Հաշվի առնելով արտաքին եւ ներքին պահանջարկի վերականգնման դանդաղումը, առկա ցածր գնաճային միջավայրը եւ ձեւավորված բարձր անորոշության բացասական ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելի մեծ քայլով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում, որի ներքո գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում: Խորհուրդը գտնում է նաեւ, որ ներկա իրավիճակում դրամավարկային քաղաքականության խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը դեռեւս գերակշռում են ներքեւի ուղղությամբ՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ եւ անորոշության հավանական պահպանմամբ: Ռիսկերի դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է ըստ անհրաժեշտության ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2020 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրում):

 

 

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս եւ Լճկաձոր գյուղերը, որոնք 2016թ. սեպտեմբերից ընդգրկված են խոշորացված Այրում համայնքի կազմում, ավանդաբար խմելու ջրի խնդիր ունեն: Այդ գյուղերի մոտով է ձգվում Ստեփանավանի սարերից սկիզբ առնող խմելու ջրագիծը, որը Դեբեդի հովտի գյուղերին որակյալ ջուր է մատակարարում: Արճիս եւ ԼՃկաձորը գյուղերը Ստեփանավանի ջրով սնուցելու ծրագրեր գոյություն ունեն: Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ Արճիս եւ Լճկաձոր գյուղերի խմելու ջրամատակարարման ծրագրերը կիրականացվեն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այդ ծրագրերի շրջանակներում նշված գյուղերում կկառուցվեն խմելու ջրի ներքին ցանցեր, օրվա կարգավորիչ ջրամբարներ: Ա. Պարանյանն ասաց, որ առաջիկայում կկայանա Արճիս գյուղի խմելու ջրամատարակարման ծրագրի շինարարության մրցույթը:

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այս տարվա մարտ ամսից սկսած՝ Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակվել է 362 անձ, որից 8-ը մահացել է: Վարակվածներից մոտ 200-ը ապաքինվել է, այժմ վարակակիրների թիվը շուրջ 170 է, որից 82 հոգի ստացիոնար բուժում է ստանում բժշկական հաստատություններում: Մարզպետի խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ Տավուշի մարզում իրավիճակը կայուն է, օրական միջին հաշվով վարակակիրների թիվն ավելանում է 15-ով: Դիլիջանում քաղաքում՝ նախկին պոլիկլինիկայի շենքում, արդեն գործում է կորոնավիուսի հիվանդանոց, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել Տավուշի մարզից կորոնավիրուսով հիվանդներին: Ներկայումս այդ հիվանդանոցում բուժում են ստանում մեկ տասնյակից ավելի հիվանդներ: Կորանովիրուսի համաճարակը հաղթահարելու համար Տավուշի մարզպետը բնակիչներին խորհուրդ է տալիս կիրառել հակահամաճարակային վարքականոնները:

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՎ ԳՈՂԱՑԵԼ

Նարեկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 18-ին, հյուրընկալվելով իր ծանոթ Լադիկ Պողոսյանի՝ Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող վագոն-տնակում, գաղտնի վերցնելով վերջինիս պատկանող «Յունիբանկ ԲԲԸ»-ի կողմից թողարկված քարտը եւ գաղտնաբառը, նույն օրը՝ ժամը 20:06-ին եւ 20:08-ին, բանկային քարտի միջոցով ապօրինաբար մուտք է գործել Իջեւան քաղաքի Մելիքբեկյան փողոցում գտնվող, պահեստարան հանդիսացող «ՎՏԲ Հայաստան» բանկի բանկոմատ եւ դիտավորությամբ, կանխիկացման եղանակով  հափշտակել 50 հազար եւ 160 հազար դրամ: Ն. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ գործազրկությունը Տավուշի մարզում  առավել առկա  է Դիլիջան քաղաքում, քանի որ վերջին տարիներին  Բերդ եւ Իջեւան քաղաքում արտադրական ձեռնարկություններ են ստեղծվել, Բերդի տարածաշրջանում գործող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ստեղծել է ավելի քան 700 աշխատատեղ, Իջեւանում ստեղծվել են  տեքստիլ 2 ձեռնարկություններ, առաջիկայում Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում կստեղծվի տեքստիլ 3-րդ ձեռնարկությունը, այդ 3 ձեռնարկությունները ընդհանուր առմամբ  կունենան  շուրջ 500 աշխատակից։

Դիլիջանը զբոսաշրջային  քաղաք է, որտեղ աշխատատեղերի մեծ մասն առկա է սպասարկման ոլորտում, արտադրական ձեռնարկություններից ամենաշատ աշխատատեղ ապահովում է տեղի գարեջրի գործարանը, ավելի քիչ աշխատատեղ ունի «Դիլի» կաթնամթերքի արտադրության ընկերությունը։ Մարզպետ Չոբանյանը նշեց, որ մարզում առկա գործազրկության հետ գոյություն ունի նաեւ 300 թափուր աշխատատեղ։ Տավուշի մարզում զգացվում է բժիշկների, մանկավարժների պակաս։ Թափուր շատ աշխատատեղեր կան սպասարկման ոլորտում՝ հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսում, որտեղ զգացվում է  որակյալ աշխատողների կարիքը։

Հ. Չոբանյանն ասաց, որ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող տավուշցիները կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարվա գարնանը հնարավորություն չեն ունեցել մեկնել արտերկիր, դա այդ մարդկանց համար տնտեսական եւ սոցիալական  խնդիրներ է ստեղծել, սակայն  նաեւ հնարավորություն է ստեղծել նրանց ներգրավել Տավուշի մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։ 2019 թվականի ընթացքում Տավուշի մարզում կառուցվել է  ընդհանուր 120 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այդ ճանապարհները կառուցած ընկերությունների աշխատակիցների 90 տոկոսը եղել են այլ մարզերի բնակիչներ։ Տավուշի մարզպետարանը մարզի շինարարների տվյալները ներկարայացրել է Տավուշում շինարարական տարբեր ծրագրեր իրականցնող կազմակերպությունների, որպեսզի դրանք իրենց ծրագրերում ներառեն տեղական աշխատուժը։  Դիլիջան քաղաքում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում ընդգրկվել են Դիլիջան համայնքի մաս կազմող Թեղուտ գյուղի 26 բնակիչներ, ճանապահաշինական ընկերության տնօրինությունը գոհ է նրանց կատարած աշխատանքի որակից։ Նման կերպ դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքերում ներառվել են  Հաղարծին գյուղի բազմաթիվ բնակիչներ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս